
Սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճում ապօրինի ձկնորսության 11 դեպք է բացահայտվել։ Առգրավվել է 2 784 կգ սիգ (2023 թ.` մոտ 2 400 կգ), որի արդյունքում բնությանը պատճառված վնասի չափը կազմել է 12 մլն 844 հազար դրամ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ կանխելով ապօրինի ձկնորսությունը։
Ապօրինի որսած ձուկը հայտնաբերելու ու առգրավվելու պարագայում հանձնվում է հատուկ խնամքի հաստատություններին, ինչպես նաև վայրի կենդանիների պահման վայրեր՝ նախապես սննդի անվտանգության մասնագետների դրական եզրակացությունից հետո։
Մասնագետները նշում են, որ տեղի բնակիչների կողմից կոշտ արձագանք, ընդվզում չկա։ Դա պայմանավորված է ինչպես իրազեկման աշխատանքներով, այնպես էլ օրենսդրության ու վերահսկողական միջոցառումների խստացմամբ։ Տեսչական մարմինն ընդլայնել է վերահսկողության իր գործիքակազմը։ Վերահսկողական աշխատանքներում ներառվել են դրոններ, ինֆրակարմիր ջերմային պատկերիչ։ Առաջիկայում տեխնիկական միջոցներն ավելանալու են և շուրջօրյա վերահսկողությունը շարունակվելու է։