
Ուրբաթ օրը՝ հունվարի 24-ին, ԱԺ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովում քննարկվելու է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասով արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությունը։
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը ներառված է հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում։
«Օրենքի ընդունման նպատակը առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու Հայաստանի ժողովրդի, նրա ներկայիս իշխանությունների կամքի, վճռականության ամրագրումն է: Օրենքը հռչակում է նախաձեռնողների և Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որ կկանխորոշի Հայաստանի իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը: Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևն ու միջոցը կմեծացնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրակայումը, դիմադրունակությունը:
Օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցության իրավունքն ու դրա գործնականում իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը»,- նշված է հիմնավորման մեջ։
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը ԱԺ-ում Արտակ Զեյնալյանն է, հարակից զեկուցողը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Քննարկմանը մասնակցելու են նաև նախաձեռնության հեղինակ արտախորհրդարանական ուժերի ղեկավարները՝ Տիգրան Խզմալյանը, Արամ Սարգսյանը։
Քրիստինա Մուշեղյան