Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։ ՀՀ ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։
Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետև կլինի «պետական» բառը։
Հունվարի 20-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը վստահեցրել էր, որ մշակութային բոլոր կառույցները պահպանելու են իրենց ազգային կարգավիճակը։ Բայց ըստ փոփոխված օրենքի հոդվածներից մեկի` «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները իրենց կարգավիճակը պահպանելու են միայն մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։