«Երբ Դոնալդ Թրամփը կիրականացնի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը, այդ ժամանակ գնահատականներ կտանք»․ քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները։

Հասարակության մի մասի կարծիքով այս ամենը լավ է, իսկ մի մասի կարծիքով էլ լավ է միայն ԱՄՆ-ի համար, այլ ոչ աշխարհի։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ասաց, որ չի մտնի կոնսպիրոլոգիկ (դավադրությունների տեսություն) խոսակցությունների մեջ, քանի որ երբ Թրամփն իրականացնի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը, այդ ժամանակ միայն կարող ենք գնահատական տալ։

«Ես կոնսպիրոլոգիկ խոսակցությունների մեջ չեմ մտնի, մարդը կիրականացնի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը, արդյունքում կարող ենք գնահատական տալ։ Ես հիմա չեմ ուզում նման գնահատական տալ։ Ինչպե՞ս կարող է մի քաղաքականություն բոլորի համար լավ կամ վատ լինել։ Քաղաքականություն է, կոնկրետ արդյունքները պարզ կլինեն։ Օրինակ, եթե ուկրաինական պատերազմը հաջողվի վերացնել, բոլորիս համար լավ կլինի, եթե Իրանի հարցում դիվանագիտական լուծումներ չգտնվեն հանկարծ, բոլորիս համար շատ վատ է։ Այսինքն այստեղ, եթե կաբինետն ամբողջությամբ չձևավորվի և քաղաքականության արդյունքներն ու հետևանքները չտեսնենք, նման գնահատական ես չէի տա։ Նոր նախագահ է, մոտեցումներին ծանոթ ենք։ Մոտեցումների մի մասը ինձ որպես քաղաքագետ կամ Հայաստանի քաղաքական գործիչ հարազատ են, մի մասը հարազատ չեն, կադրային նշանակումների մի մասին օպտիմիստորեն եմ վերաբերվում, մյուս մասին սկեպտիկ եմ վերաբերվում, բայց չեմ ուզում հիմա գնահատականներ տալ, որովհետև 2 օր է ստանձնել պաշտոնը։ ԱՄՆ-ի նման խոշոր պետության համար առնվազն ամիսներ են պետք, որպեսզի կարողանանք գնահատական տալ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Թրամփի արած հայտարարություններին իր երդմնակալության ժամանակ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ասաց․

«Որ սեռերը դառնում են երկուսը, դա ինձ համար շատ հոգեհարազատ հայտարարություն է։ Մնացած հայտարարությունները ժամանակը ցույց կտա։ Գրելանդիայի մասին է խոսել, պանամայի նեղուցի մասին է խոսել, բայց մենք դեռ պրակտիկ քայլեր չենք տեսել, դեռ իր մտադրությունների մասին է ասել։ Շուտ է գնահատականներ տալը»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս