Ֆրանսիայում հետաքննող դատավորները կրկին ձերբակալության օրդեր են արձակել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի նկատմամբ՝ 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը ենթադրյալ մեղսակցության համար։
Օրդերը տրվել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազության պահանջով:
Սա Սիրիայի նախկին առաջնորդի նկատմամբ ձերբակալության երկրորդ օրդերն է, որը տրվում է Ֆրանսիայում։ Նախորդը տրվել էր Սիրիայի զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման հարցում Ասադի նկատմամբ առկա մեղադրանքների առնչությամբ։ Ֆրանսիական արդարադատությունը սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության ընդհանուր 14 օրդեր է տվել։
Իսկ ի՞նչ է կատարվում երկրում եւ դրա շուրջ
Դեկտեմբերի 8-ին, ավելի քան 13 տարվա պատերազմից եւ անկայուն վիճակից հետո, Դամասկոսն ընկավ:
Թուրքական աջակցություն վայելող ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ Ջոլանիի նկատմամբ միանգամից փոխվեց միջազգային վերաբերմունքը՝ հատկապես արեւմտյան պետությունների կողմից:
ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավար Ջոլանին երկար ժամանակ փորձել է փոխել իր հանրային իմիջը: Նա հրապարակայնորեն հրաժարվել է «Ալ-Քաիդա»-ի հետ իր կապերից եւ փորձել իրեն ներկայացնել որպես պրագմատիկ եւ հանդուրժող առաջնորդ:
Այս պահին նրա հետ հաշվի են նստում, հանդիպումներ ունենում արեւմտյան մի շարք պետությունների ղեկավարներ՝ մոռանալով, որ դեռ մեկուկես ամմիս առաջ նրա գլխի համար 10 միլիոն դոլար պարգեւատրում էին խոստանում:
Իշխանության գալով Ջոլանին եւ նրա թիմը առաջին հերթին վերացրին երկրի մի շարք դատարաններում առկա բոլոր փաստաթղթերը, ամենայն հավանականությամբ՝ վերացնելու իրենց դեմ առկա ցանկացած փաստ:
Դատական համակարգն այս պահին կոլափսի մեջ է, դատավորներն ու փաստաբանները չգիտեն ինչ անեն: Բոլոր վարույթներով գործերը դադարեցված են, քանի որ պետական կառույցներն այս պահին չեն աշխատում, որպեսի կարողանան փաստաթղթեր տրամադրել, իսկ Սեթնայայի բանտի բոլոր բանտարկյալները՝ ազատ են արձակվել՝ անկախ գործի բնույթից եւ անմեղության վարկածից:
Իշխանությունը հայտարարել է, որ բոլոր հանցագործները կվերադարձվեն բանտեր: Արդյո՞ք դա իսկապես այդպես կլինի:
Խոսակցությունների համաձայն երկրում արդեն սկսվել են ծայրահեղական դրսեւորումներ ի հայտ գալ. նոր իշխանության կողմնակիցները մեքենաներով պտտվում են քաղաքում եւ գլխաշոր կապելու կոչեր անում, իշխանությունը փոփոխություններ է մտցնում Իսլամի Սուրբ գրքում՝ Ղուրանում, որը գրված առաջին օրանից չի փոխվել, քանի որ Մուհամմեդ մարգարեի խոսքը փոխել չէր թույլատրվում, իրավական համակարգում առանձնացվել են կին և տղամարդ քննիչների սենյակները, որոնք համապատասխանաբար կարող են ընդոնել միայն իրենց սեռի ներկայացուցիչներին:
Թե ինչպիսի իրավական պետություն կլինի Սիրիան դեռեւս հայտնի չէ, սակայն այն, որ այսուհետ ամենաազատ մուսուլմանական պետությունը կլինի իսլամի կանոնները պարտադրող ամենախիստ արաբական երկիրը՝ փաստ է:
Հուրի Բաղդասարյան