Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մոտ մարզահագուստով եւ օպերատիվ կազմվածքով տարբեր տարիքային խմբերի տղամարդկանց պակաս չկար, իսկ կանայք` որպես այդպիսին, չկային: Նույնը` դահլիճում, որտեղ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ երեկ սկսվեց պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի թիկնապահ, Գայդ մականունով Արմեն Սարգսյանի ու եւս 7 ամբաստանյալների գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ Գայդն ու եւս 6 հոգի մեղադրվում են հարյուր հազարավոր դոլար արժողության շուրջ 3 տասնյակ թանկարժեք գողացված մեքենաների մաքսանենգութան եւ դրանց փաստաթղթերի կեղծման մեջ, իսկ Գայդի ամերիկյան հանցակից-կազմակերպիչ Ծիծակը կամ Արման Գեւորգյանը հետախուզվում է:
Եթե անձամբ Ալրաղացի Լյովը` Լեւոն Սարգսյանը, թերանում էր տարբեր ժամանակներում տարբեր քրեական պատմությունների մեջ ընկնող իր թիկնապահին բարոյական աջակցություն ցուցաբերելու հարցում, քանի որ դատարանի տարածքում չէր, ապա դատաքննությունից կես ժամ առաջ Շենգավիթի դատարանի բակ էր եկել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը, որն իր հայտնի բարձր ձայնով ինչ-որ ցուցումներ էր տալիս տղամարդկանց խմբերին եւ փաստաբան Կրոմվել Գրիգորյանին: Ամբաստանյալներն են` Արմեն Սարգսյան, Էրիկ Ներսիսյան, Գեւորգ Հովհաննիսյան, Արսեն Խաչատրյան, Սերոբ Դավթյան, Անդրեյ Ժուչյոնկով, Սեդրակ Հովհաննիսյան եւ Օնիկ Հովհաննիսյան, վերջիններս Կարո Կարապետյանի վարորդն ու թիկնապահն են, իսկ ըստ մեղադրանքի` օժանդակողներ:
Ինչ-որ մի պահի տղամարդկանց խոսակցություններից պարզ դարձավ, որ Գայդը դատարանում հայտարարելու է, թե Սեդրակ եւ Օնիկ Հովհաննիսյանները կապ չունեն այս գործի հետ, եւ որ նրանք իրեն տրամադրել են իրենց անձնագրերի լուսապատճենները` ԱՄՆ-ից ավտոմեքենա գնելու համար: Նշենք, որ մեր տեղեկություններով` Գայդը նման նախաքննական ցուցմունքներ տվել է:
Պարզվեց, որ նիստի մեկնարկը ձգձգվում է մեղադրողների` Հովսեփ Սարգսյանի եւ դատախազ Գրիգոր Տիգրանյանի ուշացման պատճառով: Նախագահող Ազարյանը նախ տեղեկացավ` պաշտպանական եւ մեղադրող կողմերը, ամբաստանյալներն առարկություններ չունե՞ն միմյանց նկատմամբ, իրեն ինքնաբացարկ չունե՞ն հայտնելու, ապա ամբաստանյալներին բացատրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները. նրանք իրավունք ունեն հայտարարել իրենց մեղավորության կամ անմեղության մասին, հայտնել բացարկներ, ներկայացնել միջնորդություններ, արտահայտել կարծիքներ, հանդես գալ ռեպլիկներով եւ վերջին խոսքով: Առհասարակ, դատավորը խիստ քնքուշ էր բոլոր կողմերի հետ, եւ ամեն անգամ, երբ պաշտպանական կողմը միջնորդություն անելիս խոսափողի մեջ չէր խոսում, եւ նրա ձայնը լսելի չէր, հարցնում էր` «հա ջա՞ն»: Նման ջերմ մթնոլորտում էլ պարզեց ամբաստանյալների ինքնությունը` քանի տարեկան են, քանի անձ ունեն իրենց խնամքին, նախկինում դատվածություններ ունեցել են, թե ոչ: Պարզվեց, որ 1974 թվականին ծնված Գայդն իր խնամքին ուներ 4 անձ, իսկ 7-ամսյա կալանքի ընթացքում ծնվել է նրա երեխան, որը ներկայումս 4,5 ամսական է: «Վատառո՞ղջ եք»,-հոգատար ձայնով հարցնում էր դատավորը` տեղեկանալով նաեւ, որ Գայդը բանակում չի ծառայել, քանի որ տառապում է հարթաթաթությամբ: Ամեն ինչ լավ էր գնում, մինչեւ պարզվեց, որ Գայդը նախկինում 6 ամսով դատապարտված է եղել Քրեական օրենսգրքի 258-րդ` խուլիգանություն հոդվածով: «Ո՞ր մասը»,-հարցրեց դատարանը: Քանի որ ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները միկրոֆոնների մեջ չէին խոսում, իսկ դահլիճը ապակեպատ էր, այդպես էլ անհայտ մնաց` Գայդը նախկինում դատապարտվել էր հասարակական կարգը կոպիտ` բացառիկ ցինիզմով զուգորդված կերպով խախտելո՞ւ համար, թե՞ ինչպես: Նույն պատճառով էլ լավ չէր հասկացվում` ամբաստանյալներն ու իրենց պաշտպանները բացարկ հայտնո՞ւմ են մեղադրողին, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա ինչ հիմքով:
Գայդի պաշտպան Մարգարյանը դատարանից ժամանակ խնդրեց պաշտպանյալների հետ որոշ դիրքորոշումներ ճշգրտելու համար: Քանի որ Ազարյանն ուրբաթ օրը 6 նիստ ուներ, իսկ առաջիկայում մեկնելու է գործուղման, որոշվեց, որ 2 ժամը բավական է: Սակայն ընդմիջումից հետո էլ դատը հետաձգվեց, քանի որ մեղադրողներն էին գնացել:
ԷԼԻՏԱՐ ՄԱՔՍԱՆԵՆԳԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ