Ուղիղ վեց տարի Հայաստանի կառավարությունը գլխավորած վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին շատ է խոսվում:
Մի կողմ թողնելով այն կանխատեսումները, թե ով կլինի հաջորդ վարչապետը, անդրադառնանք այն հարցին, թե ինչ նպատակ ունի կառավարության ղեկավարի, և, ամենայն հավանականությամբ` նաև որոշ նախարարների գալիք փոփոխությունը:
Ի տարբերություն իր նախորդի՝ Սերժ Սարգսյանը հաճախակի կադրային փոփոխությունների կողմնակից չէ: Իր նախագահության սկզբում կառավարության գլուխ նշանակելով ԿԲ նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանին՝ նա միայն իր երկրորդ նախագահական ժամկետի երկրորդ տարում նրան հեռացրեց, չնայած կառավարության` մեղմ ասած, ոչ փայլուն գործունեությանը և վարչապետի նոր թեկնածությունների մասին պարբերաբար շրջանառվող լուրերին:
Այս տեսանկյունից շատ հավանական է թվում այն ենթադրությունը, թե վարչապետի փոփոխությունը կապված է ոչ թե պարտադիր կուտակայինի ձախողման կամ ընդդիմության ճնշման, այլ այն քաղաքական շրջադարձի հետ, որը ստիպված է կատարել իշխանությունը` ներքին և արտաքին հանգամանքների թելադրանքից ելնելով;
Այստեղ հարկ է հիշատակել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե կառավարության նոր կազմի հետ մեկտեղ՝ սպասվում են նրա գործունեության բովանդակության փոփոխություններ:
«Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որ նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»,- ասել է նախագահը:
Կառավարության թիվ մեկ խնդիրը պետության անհրաժեշտ ծախսերն ապահովելն է: Առաջին անհրաժեշտության ապրանքների անվերջանալի թանկացումները չեն կարող լուծել անընդհատ ավելացող ծախսերի խնդիրը, և կառավարությունը պարտադրված է մուտքերի նորանոր աղբյուրներ գտնել:
Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ ծախսատար համապետական ընտրությունների արդյունքում դատարկված հանրապետականի «օբշչակը» նույնպես համալրման կարիք ունի:
Տիգրան Սարգսյան-վարչապետի երկարակեցության պատճառներից մեկը շատ վերլուծաբաններ համարում են այն հանգամանքը, որ նա կարողանում էր դրսից լավ վարկեր բերել: Սակայն ԵՄ հետ ինտեգրումից հրաժարվելը, ՄՄ մտնելու մտադրությունը, և առավել ևս՝ Ղրիմի պատմությունը, ռազմավարական գործընկերոջ հետ մեկտեղ, Հայաստանին էլ դարձրեցին Արևմուտքի համար գրեթե «պերսոնա նոն գրատա» և հարցականի տակ դրեցին արևմուտքից սպասվող կամ հնարավոր ֆինանսական ներարկումները:
Դա կառավարության ղեկավարի փոփոխության հարցի, այսպես ասած, ներքին բաղադրիչն է: Դրան զուգահեռ գոյություն ունեն արտաքին գործոններ, որոնց ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական անցուդարձին դժվար, թե որևէ, մեկի համար գաղտնիք լինի:
Կոմպլիմենտար քաղաքականությունը, որը բավականին երկար ժամանակ փոփոխական հաջողությամբ վարում էր Հայաստանը, հավանաբար պատմության գիրկն է անցնում: Եթե նախկինում Ռուսաստանի իշխանություններն ըմբռնումով էին վերաբվերվում փոքր եղբոր «արևմտյան» չարաճճիություններին, ապա Պուտինի երկրորդ գալուստը սկիզբ դրեց Ռուսաստանի՝ գնալով ավելի կարծրացող կայեսրական քաղաքականությանը, վերջ դրեց երկակի խաղերին և զրկեց Հայաստանին մանևրելու հնարավորությունից:
Այս հանգամանքը, անշուշտ, պահանջում է փոփոխվող կուրսին համաապատասխանող և համարժեք իշխանական ուժերի վերադասավորություն, և արևմտամետի համբավ ունեցող վարչապետի հետագա պաշտոնավարությունը դառնում է անհնար ճոխություն:
Եվ վերջապես, չգերագնահատելով այսօրվա ընդդիմության անկայուն միավորման ազդեցությունը՝ հարկ է նշել, որ ապագա ներքին և արտաքին կոշտ քայլերի անհրաժեշտությունը թելադրում է այդ ուժերի թուլացմանն ուղղված քայլեր: Պատահակյան չէ, որ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ վարչապետի պաշտոնը կարող է բաժին ընկնել ընդդիմադիր քառյակի ամենաազդեցիկ քաղաքական ուժին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կամ դրան մոտ կանգնած անձանց: Դրանով իշխանությունը կարող է երկու խնդիր լուծել՝ ապահովել կառավարության ղեկավարին այսուհետ անհրաժեշտ ռուսամետությունը և տրոհելով թուլացնել ընդդիմությունը:
Լրատվամիջոցներից շատերը գրում են, որ ապագա վարչապետը կդառնա նաև մոտակա նախագահական ընտրությունների ֆավորիտը: Կապրենք, կտեսնենք: Ավելի մոտ հեռանկարում ապագա վարչապետի ընտրությունը կմարմնավորի այն ուղեծիրը, որով այսուհետև «պտտվելու» է «Հայաստան» կոչվող արբանյակը:
Ռիտա Կարապետյան