Կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի հետ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ասիական զարգացման բանկի հետ «Առողջապահության որակի բարելավման ծրագրի» շրջանակներում վարկային պայմանագիր կնքելու վերաբերյալ նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ։
«Վարկային միջոցները բաշխված են տարիների մեջ, և մենք մինչև 2028 թվականը պետք է կարողանանք ապահովել ամեն մի արդյունքային ցուցանիշի դրական ելքը, որի պարագայում հաջորդ տարվա ընթացքում վարկային միջոցները կտրամադրվեն»,-պարզաբանեց Ավանեսյանը։
Վարկային միջոցներն ուղղվելու են առողջապահական հաստատությունների կառուցման ու բարելավման, ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացման և ինստիտուցիոնալացման, բժշկական հաստատությունների լիցենզավորման, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացման, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացման, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավման խթանմանը: