ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում այդպես էլ չի կայացվել որեւէ որոշում: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով` ՀՀԿ-ում քննարկվել են ընդամենը ներկուսակցական կազմակերպչական հարցեր եւ անդրադարձ չի եղել որեւէ կադրային հարցի: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնի շուրջ քննարկումներ ՀՀԿ-ն կանի հավանաբար հաջորդ հինգշաբթի` դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայից առաջ: «Եթե ԱԺ նախագահի հարցը հաջորդ քառօրյայում ներառված լինի, այդ ժամանակ էլ կքննարկենք այն»,-ասաց Շարմազանովը: ՀՀԿ ԳՄ երեկվա նիստին ներկա չեն եղել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որոնք, ինչպես հայտնի է, այս օրերին Գագիկ Ծառուկյանի եւ Կալուգայի Սամվել Կարապետյանի հետ միասին գտնվում են Դուբայում:
ՀՀԿ նիստից հետո Շարմազանովն անդրադարձավ նաեւ Հայ ազգային կոնգրեսի` այսօր երեկոյան կայանալիք հանրահավաքին, որտեղ ներկայացվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի քաղաքական հիմքերի մասին հռչակագիրը: «Ընդդիմության բանուգործն է իշխանություններին քննադատելը, մանավանդ հերթական պառլամենտական ընտրություններից առաջ: Չորս տարի այդպես է` իմփիչմենթ են ներկայացնում, արտահերթ ընտրություններ էին անցկացնում, կարծում եմ` տեսանք եւ համոզվեցինք, որ որ նրանց քաղաքական ոչ մի կանխատեսում չիրականացավ»,-ասաց Շարմազանովը:
ՈՉ ՄԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ