Գեղանկարիչ, քանդակագործ Սալվադոր Դոմինգո Ֆելիպե Խասինտո Դալի ի Դոմենեկը, որը առավել հայտնի է Սալվադոր Դալի անվանմամբ, սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկն է։
Դալիի վրձնած նկարները առանձնանում են բոլոր այլ նկարներից իրենց առանձնահատկությամբ, գունային գամմայով, իմաստով։
Կա մի միտք, ըստ որի արվեստի, գրականության բոլոր ներկայացուցիչները իրենց կյանքի ընթացքում սկսում են տարբերվել սովորական մարդկանցից իրենց մտածելակերպով, ապրելակերպով, կյանքի հանդեպ ունեցած գաղափարախոսությամբ։
Սալվադոր Դալին այդ դեպքը չէ։ Դեռ մանկուց Սալվադորը տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։ Իր առաջին նկարը նա նկարել է տասը տարեկանում։
Ինչպես արդեն նշեցինք՝ Սալվադոր Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, մեծապես գովազդել այդ ոճը. ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ։ Դալիի այս ժամանակաշրջանի նկարներն արտացոլում են տեսիլքային կերպարներ ու ամենօրյա առարկաներ՝ անսպասելի կառուցվածքների տեսքով։
Այսօր տարօրինակ, բայց հանճարեղ Դալիի հիշատակի օրն է։
ArmLur.am-ը ներկայացնում է Դալիի մասին հետաքրքիր փաստեր։
Սալվադոր Դալին մտածում և հավատում էր, որ իր մահացած եղբոր ռեինկարնացիան էր՝ վերամարմնավորումը։ Բանն այն է, որ մինչ Սալվադոր Դալիի ծնվելը, Դալիի մայրը ալ երեխա է ունեցել, ում անունը ևս Սալվադոր Դալի էր, սակայն փոքրիկը երկար չի ապրել, ստամոքսի վարակի պատճառով մահացել է։ Փոքրիկի մահվանից ուղիղ 9 ամիս հետո ծնվում է նկարիչ Սալվադոր Դալին, ում ծնողները համոզված էին, որ դա իրենց մահացած որդին է, որը նորից է ծնվել: Հետագայում, երբ Դալին արդեն 5 տարեկան էր, վերջինիս ծնողները նրան տանում են իրենց մահացած երեխայի գերեզմանին և պատմում ամեն բան, ասելով, որ ինքը մահացած Սալվադորի ռեինկարնացիան է։ Իհարկե այս ամենը հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում փոքրիկ Դալիի վրա, ինչը կարելի է նկատել իր կտավներում։
Բացի գեղանկարիչ լինելը, Դալին նաև գրում էր։ Չնայած այն հանգամանքին, որ Դալին ամեն առավոտ մի նոր բան անել էր որոշում, դա իր մոտ լավագույնս ստացվում էր։ Դալին իր հեղինակային «Սալվադոր Դալիի աշխարհը» գիրքը վաճառելու համար Մանհեթենի գրախանութներից մեկում պառկել է հիվանդանոցային մահճակալի վրա, որի շուրջ եղել են կեղծ բժիշկներ ու բուժքույրեր, ուղեղի ալիքների չափման մեքենա։ Ուղեղի ալիքների չափման մեքենան պատահական դրված չի եղել։ Գրախանութի այցելուները Դալիի գիրքը գնելու դեպքում ստանում էին նաև վերջինիս ուղեղի ալիքների գրանցված պատկերի օրինակ։
Դալիին շատ հաճախ համարում էին ոչ նորմալ, չնայած այն հանգամանքին, որ 20-րդ դարի հանճարներից մեկն էր։ Դալին ստեղծել է զարդերի հավաքածու ամերիկացի միլիոնատեր Կումինս Քեթերվուդի հետ։ Ամերիկացի միլիոնատերը մեծ գումարներ է ծախսել զարդերի թանկարժեք քարերը ձեռք բերելու համար, իսկ Դալին էլ ներդրել է իր ամբողջ հանճարն ու ստեղծագործական միտքը։ Ոսկեգործ Կառլոս Ալեմանի կողմից ստեղծվել է Դալիի նախագծած դիզայնով զարդերի հավաքածուն (Dali Joies), որ արտադրվել է Նյու Յորքում։ Պատրաստվել է ընդհանուր 39 զարդ, որոնք 1999 թվականին վաճառվել են Սալվադոր Դալիի հիմնադրամին՝ 5.5 միլիոն եվրոյով:
ArmLur.am-ը ներկայացնում է նաև Սալվադոր Դալիի հայտնի մտքերը։
1․ Նույնիսկ մեծագույն հոգեբանները չկարողացան հասկանալ, թե երբ է վերջանում հանճարեղությունը և սկսվում խելագարությունը:
2․ Ես միանգամայն նորմալ եմ: Աննորմալ են նրանք, ովքեր չեն հասկանում իմ արվեստը, ովքեր չեն սիրում Վելասկեսին, և նրանք, ում չի հետաքրքրում, թե ժամը քանիսն է ցույց տալիս իմ ժամացույցը: Չէ՞ որ այն ճիշտ ժամն է ցույց տալիս:
3․ Իմ և խելագարի միջև տարբերությունն այն է, որ ես խելագար չեմ։
4․ Մտածում եմ՝ ինձ ավելի հեշտ չի եղել ծնվել, քան Արարչին՝ ստեղծել Տիեզերքը: Համենայն դեպս, նա հետո հանգստացել է, իսկ ինձ վրա թափվել են աշխարհի բոլոր գույները:
5․ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ են գրում քննադատները: Չէ՞ որ ես գիտեմ, որ նրանք հոգու խորքում սիրում են իմ աշխատանքները, սակայն վախենում են խոստովանել:
Աննա Սրապիոնյան