Հաղորդավար, մոդել Լուսինե Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ հայտնելով, որ «Հայկական նորաձևություն» նախագիծն այլևս եթերում չի լինի:
«Ահա և իր տրամաբանական ավարտին հասավ «Հայկական նորաձևություն» նախագիծը։ Այն բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր հայ դիզայներների և հայ նորաձևության անկրկնելի գեղեցկությունը։ Այս հայկական ոգով ներշնչված նկարներով ցանկանում եմ ամփոփել մեր ճանապարհը։
Այս հաղորդման նկարահանումներն ու գործընթացն ինձ համար եղել են անչափ հաճելի և լի նոր բացահայտումներով։ Ես հիացած եմ մեր մշակույթի բազմազանությամբ և այն տաղանդավոր մարդկանցով, ովքեր դրանում ներդրում ունեն։
Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, իմ անզուգական թիմին և Հանրային հեռուստաընկերությանը՝ այս նախագիծն իրականություն դարձնելու համար։ Վայելեք գեղեցիկը՝ հայկական նորաձևության շունչը»,- գրել է Լուսինե Թովմասյանը: