Վիրուսները շարունակում են գրոհել։
2025 թվականի հունվար ամսվա երկրորդ շաբաթվա տվյալների համաձայն՝ սուր շնչառական վարակների աճ է գրանցվել։
Թե՛ մեծահասակներ, թե՛ 0-18 տարեկանների շրջանում նկատվում է սեզոնային գրիպի, թոքաբորբի դեպքեր։
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում դիմել են 7278 բուժառու:
Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանի հետ։
-Տիկի՛ն Վարդանյան, ինչի՞ հետևանքով է գրանցվել սուր շնչառական վարակների նման քանակությամբ դեպքեր։
-Սեզոնային գրիպի ակտիվացման շրջանում ենք մենք հիմա գտնվում և մոտավորապես նախատեսվում էր նախորդ՝ 2024 թվականի ակտիվության նման տարի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում մեր տարածաշրջանի համար նախատեսվել էր այդպիսի թվեր։ Այս պահին ակտիվացումը բնակլիմայական պայմանների, ինչպես նաև շփումների արդյունքն է, քանի որ երեխաները գնում են դպրոց, մանկապարտեզ և այդ շտամերի խումբն ավելի շատ է լինում։ Եթե արձանագրենք, որ սա աննախադեպ է, ապա այդպես չէ։ Սա սեզոնային գրիպի տարածվածության թույլատրելի սահմանն է։ Բայց այս հանգամանքը չի նշանակում ոչինչ չանել, անպայման է կանխարգելիչ բոլոր միջոցները իրականացնել։
-Որո՞նք են այդ կանխարգելիչ միջոցները։
-Անձնական հիգինեայի միջոցների պահպանումն է՝ առաջին հերթին ձեռքերի լվացումը, մաքուր պահումը, շփման մեջ շատ չողջագուրվելը, չափից դուրս շփումները նվազեցնելը, հիվանդ վիճակում այլ անձանց հետ շատ չշփվելը, հնարավորինս ինքնամեկուսացումը, աշխատանքային գործունեությունը դադարեցնելն ու տանը մնալը։
-Այսինքն այս կերպ կարելի խուսափե՞լ սեզոնային վիրուսներից։
-Այս կերպ ամբողջապես խուսափել բնականաբար չենք կարող, բայց մասամբ կարող ենք վարակվելու հավանականությունը իջեցնել։ Եթե նորմայում մեկ վարակված անձը վարակում է 2 կամ 3 հոգու, մենք կարող ենք այն սահմանափակել 1-ով։ Սա կբերի սեզոնային գրիպի որոշակի սահմանափակման։ Ավելի ճիշտ, կառավարելի տարբերակն է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը, որն այս փուլում մի փոքր հայտնի չէ ինչքանով էֆեկտիվ կլինի։ Կառավարելի վարակի տարբերակներից են պատվաստումները, իսկ հաջորդը՝ անձնական հիգիենայի և շրջապատի հետ շփման հիգիենայի պահպանությունն է և երրորդը՝ արագ դիմել բժշկին, թույլ չտալ, որպեսզի բարդություններ լինեն, քանի որ կա տեղեկատվություն, որ շատ կան բրոնխիտներ։ Դեռ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում էր, որ կոնկրետ այս սեզոնի համար քառավալետ վակցինաներ են սպասվում, քանի որ շտամները մի քանիսն են, որոնք շրջանառվում են։
Աննա Սրապիոնյան