Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան պետությունն այն օտարել է 36 մլն դոլարով: Գործարքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի այս տունը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները կառուցել են 2017 թ.՝ մինչ այդ քանդելով նույն տարածքում գտնվող եւ 1927 թ. կառուցված առանձնատունը: Վերջինս իր հողամասով նրանք ձեռք էին բերել 2011 թ. 14,4 մլն դոլարով:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդիներին պատկանած ընդհանուր անշարժ գույքի մակերեսը 5224 քմ է, իսկ նոր առանձնատան տարածքը՝ 3126 քմ:
Երկհարկանի վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։
Առանձնատունը վաճառվում էր 2022-ից
Չնայած տունն անավարտ վիճակում է, ներքին հարդարման աշխատանքներ չեն արվել, Խաչատրյանները 2022-ի ապրիլին գույքը վաճառքի էին հանել 63,5 մլն դոլարով:
Տունը վաճառքի հանելուց շատ չանցած՝ 2022-ի մայիսին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների գույքը բռնագանձելու հայց էր ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում էին ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում էր, որ Խաչատրյանները 2011-ին գույքը ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում էին կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում էին փոխառություն։
Դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել էին տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված առանձնատան վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում էր, որ Խաչատրյանները կարող էին վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէր, բայց եթե դատարանը վերջնարդյունքում որոշեր բավարարել դատախազների հայցն ու բռնագանձեր տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու էր փաստի առաջ:
Այս ֆոնին 2022 թ. հունիսին գնորդ հայտնվեց: Խաչատրյանների՝ վաճառքի հանված տան վերաբերյալ նշվում էր «under contract», «active under contract» կամ «accepting backup offers», ինչը նշանակում էր, որ ֆինանսների նախկին նախարարի որդիները համաձայնություն էին ձեռք բերել հավանական գնորդի հետ, սակայն այն վերջնական չէր, այսինքն՝ տվյալ գույքը գնել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց գնային առաջարկները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում