Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հստակեցրել է, թե ինչու է հայկական պատվիրակությունը հրաժարվել Բաքվում ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի նիստին մասնակցելուց:
«ԱՊՀ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի 2014թ. աշխատանքային ծրագրին համապատասխան եւ տարածաշրջանում վստահության միջոցների ստեղծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով ՀՀ ՊՆ-ն ծրագրել էր ՀՀ ԶՈՒ պատվիրակություն ուղարկել Բաքու` ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի հեթական նիստին մասնակցելու:
Պատվիրակության տարանցիկ երթուղին նախատեսված է Մոսկվա քաղաքով, ուր էլ ապրիլի 7-ին ժամանել են ՀՀ ԶՈՒ-ի ներկայացուցիչները:
Չնայած ԱՊՀ ՊՆԽ-ի քարտուղարի հրավերի առկայությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցմանը, ընդունող կողմը չի հաստատել հայկական պատվիրակությանն ընդունելու իր պատրաստակամությունը եւ շահագրգռվածությունը: Այդ պատճառով էլ Մոսկվայից Բաքու պատվիրակության թռիչքը չեղյալ է հայտարարվել», – հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին Բաքվում: