Նաիրա Կարապետյանի հայտարարությունը ԵԽԽՎ-ում՝ Քեսաբի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին ՝ ԵԽԽՎ նստաշրջանում Քեսաբի վերաբերյալ  հայտարարությամբ է  հանդես եկել հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Նրա հայտարարությունում ասվում է.

«Քեսաբի բնակչությունը գրեթե ամբողջությամբ` ավելին, քան 700 հայ ընտանիքներ, տարհանվել եւ տեղի Քրիստոնյա համայնքի օգնությամբ տեղափոխվել են համեմատաբար անվտանգ համարվող հարեւան Լաթաքիա: Ցավոք, շատ տարեց մարդիկ ստիպված են եղել մնալ Քեսաբում` զրկված լինելով տեղաշարժվելու հնարավորությունից:

Այս դեպքերից 3 օր անց Հայաստանից մեկնած մի խումբ պատգամավորների հետ ես նույնպես անձամբ այցելել եմ Լաթաքիա, հանդիպել հայկական եկեղեցում ապաստան գտած ընտանիքներին: Նրանք վկայությամբ` ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցիները, հասցրել ահռելի վնաս խաղաղ բնակչության ունեցվածքին:

Հայերը Քեսաբում բնակվել են դարեր ի վեր, սակայն կան նաեւ ընտանիքներ, ովքեր գրեթե հարյուր տարի է, ինչ այստեղ են հաստատվել` փորձելով փրկվել Հայոց Ցեղասպանությունից: Եվ հիմա կրկին, 1915 թվականի այն սարսափելի օրերից գրեթե մեկ դար անց, մեկ այլ մղձավանջ, կյանքից զրկվելու մեկ այլ վտանգ է հետապնդում նրանց, ստիպում նորից տարհանվել:

Մարդիկ կրկին լքել են իրենց տները` չհասցնելով անգամ վերցնել փաստաթղթեր, միայն այն հագուստով, որով եղել են փախուստի պահին: Եկեղեցու օգնությունը հնարավոր է շուտով ավարտվի, քանի որ այն անսպառ չէ: Հավատացեք, շատ ծանր է եկեղեցու բակում տիրող այդ տեսարանը. երեխաներ, տարեցներ, կանայք եւ տղամարդիկ` ժամանակավոր կացարան գտած, զրկված տարրական հիգիենայի պայմաններից, հիվանդությունների եւ վարակների տարածման վտանգի տակ, եւ չունեն անգամ հյուս` շուտափույթ վերադառնալու իրենց բնակավայրերը:

Նկարագրված իրավիճակը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ահռելի խախտում, մարդու իրավունքների միջազգային բոլոր պայմանագրերի խախտում, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը: Հարկ է նշել, որ Քեսաբի խնդիրը բարձրաձայնվել է աշխարհասփյուռ հայության կողմից, սակայն, ցավոք, ոչ միայն հայերին է վերաբերում խնդիրը` մի շարք այլ գյուղեր, բնակեցված քրիստոնեաների կամ այլ էթնիկ փոքրամասնությունների կողմից, նույն ուժերի կողմից նույնպես ենթարկվել են բռնությունների եւ տարհանման` մինչեւ ահաբեկիչների Քեսաբ հասնելը:

Օգտագործելով այս բարձր ամբիոնը եւ այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետեւանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:

Եվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարեւոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա եւ կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելիությունից, պետք է խստորեն   դատապարտել:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հինավուրց Քեսաբ քաղաքը եւ հարակից 12 գյուղերը, որոնք հիմնականում բնակեցված են հայերով, ենթարկվեցին վայրագ հարձակման Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ներթափանցել էին Թուրքիայի տարածքից:




Լրահոս