Թրամփը պահանջել է գաղտնազերծել Քենեդիների և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի, նրա եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի սպանության, ինչպես նաև ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների շարժման ակտիվիստ և առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի սպանության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման մասին։ Թրամփի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Ազգային շահերից է բխում վերջապես անհապաղ հրապարակել այն բոլոր փաստաթղթերը, որոնք կապված են այդ սպանությունների հետ», – ասված է Թրամփի կատարողական հրամանագրում:

Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, որ այդ սպանությունների հետ կապված տեղեկատվությունը թաքցնելը չի համապատասխանում հանրային շահերին, և այդ գրառումների հրապարակման ժամանակը վաղուց է հասունացել։

Հրամանագրում ասված է, որ 15 օրվա ընթացքում Ազգային հետախուզության տնօրենը և գլխավոր դատախազը, Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի և նախագահի խորհրդականի հետ համաձայնեցմամբ, պետք է նախագահին ներկայացնեն այն փաստաթղթերի հրապարակման պլանը, որոնք վերաբերում են նախագահ Քենեդիի սպանության հետաքննությանը:

Նաև հրամանագրի արձակումից հետո 45 օրվա ընթացքում Թրամփին պետք է տրամադրվի այն փաստաթղթերի ամբողջական հրապարակման պլանը, որոնք վերաբերում են սենատոր Ռոբերտ Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի սպանություններին:




Լրահոս