Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Կազինֆորմ» գործակալությունից, այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը։
Նա նշել է, որ Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փորձագետներից բացի, հետաքննությանը միացել են նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ներկայացուցիչները։
«ԻԿԱՕ-ի ստանդարտների համաձայն՝ ավիացիոն իշխանությունները մեկ ամսվա ընթացքում իրականացնում են ավիավթարի հետաքննություն։ Մոտ 17-18 մարդ՝ փորձագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Ադրբեջանից, Ղազախստանից։ Նախնական մասը, հուսով ենք, կհրապարակվի հաջորդ շաբաթ», – ասել է Կանատ Բոզումբաևը։
Նա հավելել է, որ ավիավթարից հետո քրեական գործ է հարուցվել։
«Բացի այդ, հարուցվել է քրեական գործ, կատարվում է բալիստիկ և պայթյունատեխնիկական փորձաքննություն։ Մեր ուժայիններն աշխատում են՝ սերտ կապ պահպանելով», – ասել է Ղազախստանի փոխվարչապետը։
Ադրբեջանական ավիաուղիների (AZAL)՝ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է 2024 թ. դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Աղետի հետևանքով 38 մարդ մահացել է, 29 մարդ ողջ է մնացել։ Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը կործանվել է Գրոզնիի երկնքում արտաքին միջամտության հետևանքով։