Հայ ազգը մեծանուն մարդկանց պակաս չունի և կարելի է ասել, որ դա հայ ազգի այցեքարտերից մեկն է։
Հայ մեծերից Պարույր Սևակը 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատարն է, ում տողերը մինչ այժմ էլ շարունակում են մնալ արդիական։ Սևակի հատկապես սիրային ստեղծագործությունները անտարբեր չեն թողնում մարդկանց և կարող են այնպես փոթորկել հոգին, որ երկար ժամանակ հնարավոր չլինի հասկանալ, թե ինչ է կատարվում։
Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է։ Լրանում է գրողի 101-րդ տարեդարձը։
ArmLur.am-ը ներկայացնում է գրողի կյանքից հետաքրքիր դեպքեր։
Պարույր Սևակը տան միակ երեխան էր և այդպիսով էլ վայելել է ծնողների մեծ սերն ու ջերմությունը։ Սևակը մեծագույն սիրով էր սիրում իր մորը և անվանում էր Ազի։ Ավելի ուշ Պարույր Սևակը իր մոր մասին գրել է․
«Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
Պարույր Սևակը գրել և կարդալ սկսել է 5 տարեկանից, որի ունակությունները դպրոցի ուսուցիչը նկատելով թույլատրել է նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով դպրոցական մատյանում։
Պարույր Սևակի ազգանունը Ղազարյան է։ Նրան Սևակ ազգանունով կնքել է արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը, որը պատմել է հետևյալ պատմությունը․
«Պատերազմի տարիներին խմբագրում էի ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները: Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում»:
Ինչ վերաբերում է անվանակոչությանը, գրողի անունը տվել է նրա կնքահայրը։ Նրա կնքահայրը՝ այգեգործ Խաչատուր Մադոյանը, նորածնին Պարույր է կոչել ի պատիվ նույնանուն սպայի, բանաստեղծ Ռուբեն Սևակի, որը զոհվել է։
Այսպիսով էլ հայ ազգն ունեցավ մեծանուն բանաստեղծ, անզուգական Պարույր Սևակին։
ArmLur.am-ը ներկայացնում է նաև գրողի հուշերից:
«-Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ։
-Բա ի՞նչ,- պատասխանում էի ես։
-Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը։
-Բա ո՜նց։
-Էհ, կուրանամ ես, չելա՜վ…
-Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ։
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ էր։ Նա, բնական է, չգիտեր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը։ Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը։ Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը։ Ուստի և իմ «Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր.
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ։
Ես՝ գաղտնիքս մեծ – ինքս փոքրիկ, արդեն վաղո՜ւց համոզված էի (ո՛չ թե երազում էի, այլ համոզվա՛ծ էի), որ դառնալու եմ «էն «Գիքորը» գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ… Աստված։ Եվ կյանքիս առաջին մեծ զարմանքն էր, թե որտեղի՞ց մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն։ Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես…»։
Գաղտնիք չէ, որ Սևակի մեծագույն սերը եղել է Սուլամիթան, որոնք ծանոթացել են 1957 թվականի դեկտեմբերի 1-ին, բանաստեղծ Գենիե Այգիի հարսանիքին: Սևակն այնքան թունդ կերպով է սիրահարվում Սուլամիթային, որ հենց այդ գիշեր էլ անծանոթ կնոջ մասին գրում է իր հանրահայտ «Երգ երգոցը»։
«Նա մեր ինստիտուտն ավարտել էր 1956 թվականի գարնանը, իսկ աշնանը ես ընդունվեցի, մենք կարող էինք չհանդիպել, բայց նա էլ գիտեր Գենիեին, ես էլ, չհանդիպել մենք չէինք կարող: Մենք հանդիպեցինք և ինչպես սուր սայրի վրա, վախեցանք շարժում անել: Նա նստել էր ձախ կողմում, փոքրիկ սեղանի դիմաց, ինչ-որ մեկի հետ շախմատ էր խաղում: Ես կտրտած սպիտակ հացով լի մի հսկա սկուտեղով մտա սենյակ, և երկուսս էլ անշարժացանք: Դա մի ակնթարթ էր, և այն ձգվեց հավերժ»,- պատմել է Սուլամիթան իր հուշերում։
Սևակն ու Սուլամիթան, երբ հանդիպել են, Սևակը եղել է 33 տարեկան, իսկ Սուլամիթան՝ 18։
ArmLur.am-ը իր ընթերցողներին ներկայացնում է նաև Սևակի հայտնի մտքերը։
1․ Ամեն զավակ կա՛մ իր հորն է քաշում, կա՛մ քեռուն։ Այս ավանդականն է։ Բայց ամեն զավակ էլ տարբերվում է իր և՛ հորից, և՛ քեռուց։ Այս էլ՝ Նորը։
2․ Ինչքան աղքատ է միտքն ու զգացումը, նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը. ինչքան մանր ու ճղճիմ են հույզն ու խոհը, այնքան ծաղկուն ու պոռոտ է դառնում խոսքը:
3․ Իսկական բանաստեղծություն գրելը ինքնազատագրման պես մի բան պիտի լինի:
4․ Ժամանակավրեպ լինելը ժամանակավոր լինել է:
5․ Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր…
6․ Բայց ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն:
7․ Ով պատմություն ունի, չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով … մի՜շտ երազում…
8․ Նորարար ծնվում են և ոչ թե դառնում:
9․ Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:
Ի՞նչ իմանար Սևակի մայրը, որ իր որդին կդառնա «էն «Գիքորը» գրողի պես մարդ» և իր տողերով կփոթորկի շատերի սրտերն ու հոգիները։
Աննա Սրապիոնյան