ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ. ԿԱՐԱԳ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովն օրերս տեղեկացրեց, որ տնտեսվարողները կարագի անվան տակ իրացրել են բուսասերուցքային սփրեդ, իսկ հանձնաժողովը հայտնաբերել է օրինախախտներին: «Ժողովուրդ»-ը փորձեց տուգանված ընկերությունների սեփականատերերից տեղեկանալ,  թե ինչու են հասարակությանը խաբել եւ վտանգել նրանց առողջությունը: Սակայն վերջիններս անհայտ ուղղությամբ կորել են, չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Նախ նշենք, որ ՏՄՊՊՀ-ի կողմից վերը նշված ապօրինության բացահայտումն ինքնին բացառիկ երեւույթ է մեր իրականության մեջ, քանի որ այսօրվա Հայաստանում պետական մարմնի կողմից օլիգարխների ոտքը տրորելն ու նման հայտարարություն անելն առնվազն քաջագործություն է:
Իսկ հիմա փորձենք ներկայացնել, թե ինչ է  իրենից ներկայացնում սփրեդը: Այն հայերեն կոչվում է յուղածո, որն արտաքուստ նման է կարագին, ուստի շատ  դժվար է իսկական կարագը տարբերել կեղծից: Միեւնույն ժամանակ սփրեդն իր բաղադրությամբ շատ է տարբերվում կարագից, ինչպես նաեւ զիջում է իր որակական հատկանիշներով:
Հավելենք, որ ՏՄՊՊ հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել էր, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գների միջեւ կա խիստ էական տարբերություն: Մի շարք սուպերմարկետներում 1կգ կարագը մոնիթորինգի ընթացքում վաճառել են 920-ից մինչեւ 3000 դրամով: Գնային այս ակնհայտ տարբերությունն էլ հիմք է հանդիսացել, որ հանձնաժողովը կասկածի եւ լայնածավալ ուսումնասիրություններ սկսի հայաստանյան շուկայում:
Հանձնաժողովը տեղեկացրեց, որ որոշ դեպքերում կարագի ներմուծմամբ զբաղվող ընկերությունները ներկրել են սփրեդ, ինչն անհամեմատ էժան է, սակայն այն առեւտրի կետերին վաճառել են իբրեւ կարագ: Ընդ որում, հայտնաբերվել է, որ ընկերություններից մեկն ամբողջ տարվա ընթացքում ներկրել է միայն սփրեդ, բայց խանութին փաստաթղթերով իրացրել է կարագ: Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ սփրեդը կարագի անվան տակ վաճառել եւ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը: Ի դեպ, սուպերմարկետների տնօրենները կամ պատասխանատուները քաջատեղյակ են եղել, որ ներկրողից ձեռք են բերել հենց սփրեդ, բայց այն վաճառել են իբրեւ կարագ: Այսինքն` ժողովուրդն ինչ-որ նյութերից պատրաստած զանգված է «ճաշակել», բայց ոչ կարագ:
ՏՄՊՊՀ` սույն թվականի սեպտեմբերի 27-ի մի շարք որոշումներով վարչական վարույթներ են հարուցվել սփրեդի ու կարագի իրացմամբ զբաղվող շուրջ մեկ տասնյակ ընկերությունների նկատմամբ:
«Ժողովուրդ»-ը փորձեց Հայաստանում գոյություն ունեցող սուպերմարկետների սեփականատերերից պարզել, թե իրենք եւս խաբել են ժողովրդին իրենց սուպերմարկետներում` կարագի փոխարեն ինչ-որ այլ կարագանման զանգված վաճառելով: Սակայն նրանք այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Ուստի ստիպված դիմեցինք սուպերմարկետների շարքային աշխատակիցներին:
«Երեւան սիթի»-ում նշեցին, որ մեր հարցին իրավասու է պատասխանել միայն իրենց ղեկավար Վահրամ Կիրակոսյանը, սակայն վերջինս գրասենյակում չէր, եւ մինչեւ ուշ երեկո մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին: Իսկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետի գլխավոր գրասենյակում, պարզվում է, մի «կենդանի» շունչ անգամ չկա: Աշխատակիցները նախ հետաքրքրվեցին, թե ինչ հարց ենք ուզում տալ իրենց ղեկավար Հովհաննես Առաքելյանին, հետո իբրեւ թե միացրին նրա հետ, այնուհետեւ ասացին, որ տեղում չէ, մի քանի ժամից զանգենք: Մենք կրկին փորձեցինք, սակայն այդպես էլ ողջ սուպերմարկետում չգտնվեց մեկը` մեր հարցին պատասխանելու համար:  
«Նոր Զովք» սուպերմարկետից մեր հեռախոսազանգին անընդհատ պատասխանում էր Միշա անունով մի երիտասարդ, ով կրկնում էր, թե իրենց ղեկավար Ռաֆիկ Ալիխանովը «գործի չի եկել», եւ ինքը տեղյակ չէ, թե երբ է գալու: Նա մեզանից տվյալներ վերցրեց, տեղեկացավ, թե ինչ հարցի շուրջ ենք զրուցելու սուպերմարկետի ղեկավարի հետ: Մենք նորից փորձեցինք խոսել նրա հետ, սակայն կրկին Միշան պատասխանեց` հայտնելով, թե ինքն իր ղեկավարին ասել է, որ մենք այդ թեմայով ուզում ենք զրուցել, բայց վերջինս տեղեկացել է թեմայի վերաբերյալ ու հեռացել:
«Սթար» կամ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցերում ընդհանրապես ոչ ոք  չկար, մեր հեռախոսազանգերին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց: Իսկ «ՍԱՍ» սուպերմարկետում չէին կողմնորոշվում, թե ով է իրավասու պատասխանել մեր հարցերին: Մի քանի ժամ տեւեց` պարզելու համար, թե ով կպատասխանի «Ժողովուրդ»-ի հարցերին: Ի վերջո, «ՍԱՍ գրուպ»-ի իրավաբան Շավարշ Փեթաքչյանն ասաց. «Հիմա այդ գործը քննվում է, ներքին ծառայողական քննություն ենք իրականացնում, դեռ այս պահին որեւէ բան պարզ չէ, կոնկրետ ինֆորմացիա չեմ կարող տալ` եղել է նման բան, թե չէ»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս