44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողների մասնակցությամբ լսումներ կլինեն:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին անհետ կորած զինվորների ծնողները գնացել էին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման. վերջինս նախ գոռգոռացել էր ծնողների վրա, հետո, ստանալով համարժեք պատասխան, խաղաղվել էր:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ այդ հանդիպումը շատ թեժ է անցել, զինվորների ծնողները շատ վրդովված են եղել ու խստորեն պահանջել են, որ իրենց որդիների ճակատագրի մասին հստակ տեղեկություններ վերջապես տրամադրեն:

Անդրանիկ Քոչարյանն էլ ծնողների զայրույթը պարպելու համար խոստացել էր այդ հարցով ԱԺ-ում լսումներ կազմակերպել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լսումները, հնարավոր է, տեղի ունենան հաջորդ շաբաթ:

ԱԺ լսումներին հրավիրվելու են նաեւ տարբեր գերատեսչությունների ղեկավարները՝ ԱԳ նախարար, ՊՆ նախարար, ԱԱԾ տնօրեն, գլխավոր դատախազ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թե ինչ արդյունք կտան լսումները, բարդ է ասել. համենայնդեպս, նախորդ նմանատիպ լսումներից հետո ուժային կառույցները «հրաժեշտի ՍՄՍ» ստացան:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս