Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ կառույցի նախագահ Անն Բրասյորը մամուլի ասուլիս է հրավիրել, որում մանրամասն ներկայացրել է նիստի օրակարգն ու քննարկվելիք գլխավոր հարցերը. գրում է APA գործակալությունը:
Պատասխանելով ԵԽԽՎ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու մասին հարցին՝ Բրասյորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի և ՀՀ պատվիրակությունների ղեկավարների միջև հանդիպումները կշարունակվեն:
«Այստեղ պետք է երկխոսություն վարել առաջին իսկ առիթի դեպքում: Դա պետք է ընթանա առանց փոխադարձ մեղադրանքների:
Ես կփորձեմ շարունակել երկու երկրների պատվիրակությունների միջև երկխոսությունը և մտադիր եմ երկու պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել իմ աշխատասենյակ և նրանց հետ կարծիքներ փոխանակել այս հարցի շուրջ:
Այսուհետ ես կփորձեմ հասնել համատեղ հանդիպումների, քանի որ այս երկխոսությունը պետք է ակտիվացնել: Այս նստաշրջանի ընթացքում կփորձեմ նորից հավաքել պատվիրակությունների ղեկավարներին և նրանց միջև փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել: Մենք պետք է որոշենք՝ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել հետագայում քննարկումները շարունակելու համար»,- նշել է Բրասյորը: