ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ  Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Նիստում քննարկվել են Հայաստանում քաղաքացիական պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների ու զարգացման հայեցակարգային փաստաթղթեր:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ խնդիր կա Հայաստանում, որ առաջնահերթ պետք է քննարկվեր Անվտանգության խորհրդի նիստում: Նշե՛ք երկու խնդիր:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցն այնքան արդիական է, որ իր մեջ պարունակում է  բազմաթիվ էլեմենտներ: Իսկ որպես առավել կարեւոր` պետք է նշել աշխատատեղերի բացակայության հարցը, հանրապետությունում պետք է վերացվի մենաշնորհը, կարեւոր եւ անհանգստացնող է նաեւ արտագաղթի  խնդիրը:  Ես կարծում եմ, որ ընտրությունների նախաշեմին պետք է այս իշխանությունն անի ամեն ինչ, որ  երկրում ապահովի  արդար ու թափանցիկ  ընտրություններ: Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության բնագավառին, նշեմ, որ հնարավորինս պետք է անել ամեն ինչ, որ էլ ավելի ամրապնդվի Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական, քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը եւ նման շատ կարեւոր մի շարք այլ խնդիրներ:

ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԿԿ երկրորդ քարտուղար

ՊԱՏԱՍԽԱՆ. Այնքան հարցեր կան այսօր, որ անվտանգության խորհրդի նիստում պետք է դրվի քննարկման: Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է քննարկման դրվեն իշխանություն-ժողովուրդ հարաբերության հարցը, երկրորդ` պետք է քննարկվի արդար կառավարման համակարգի հարցը, եւ երրորդ` սոցիալական արդարության հարցը:  

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ
 ՍԴՀԿ վարչության անդամ  


ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ շատ են այն խնդիրները, որոնք պետք է քննարկվեն  Անվտանգության  խորհրդի նիստում:  Որպես այդպիսին` հարկ է նշել Ղարաբաղի  խնդիրը, ներքին անկայուն վիճակը եւս լուրջ է, քանի որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում  իշխանության ներսում:  Կարեւոր խնդիր է նաեւ արտաքին աշխարհի կողմից արդար ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ կարեւոր է անվտանգության, արտագաղթի եւ արդար ու թափանցիկ ընտրությունների  խնդիրը:

ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՀԱԿ անդամ     

ՊԱՏԱՍԽԱՆ. Այսօր Հայաստանում կան բազում խնդիրներ, որոնք առաջնահերթ պետք է քննարկվեն Անվտանգության խորհրդի նիստում: Եւ որպես օրինակ` կարելի է նշել  արտագաղթի, նորմալ ընտրական համակարգ ձեւավորելու խնդիրները, ընդդիմությանը համապատասխան  լիազորություններ տալու խնդիրը, արդարադատության համակարգի խնդիրը, ինչպես նաեւ իշխանության մեջ  իշխանությունը բիզնեսից  տարանջատելու խնդիրը: Կարծում եմ` էնքան շատ են խնդիրները, որ կարելի է անվերջ թվարկել:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
 ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության անդամ  
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս