Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ արգելված միջոցներ է կիրառում․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզի։

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով կարծիքին, թե ոչինչ չի արվում Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար, քանի որ նրանք իր քաղաքական հակառակորդներն են:

«Ես այնտեղ գտնվող որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում և ընդհակառակը, ավելին՝ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար: Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից: Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով:

Այսինքն՝ Ձեր ասածով ստացվում է, եթե Ձեր խոսույթը դնենք` ստացվում է, որ մենք մի բան էլ ուրախ ենք, որ այդ մարդիկ այնտեղ են: Ոչ, այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ, այդ մարդկանցից հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ մենք այս հարցը շատ լավ և շատ խորությամբ հասկանում ենք և մեզ հաշիվ ենք տալիս»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց, որ բոլոր հասու միջոցներով փորձ է արվում այդ խնդիրը լուծել:

«Այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել: Մարդկային բարոյական բանը  մի կողմ դնենք, որովհետև համարելով, որ կան մարդիկ, որ համարում են, որ մենք մարդկային դիմագծից զուրկ ենք և բարոյական կանոններից զուրկ ենք: Թող մտածեն, բայց սպառնալիք է գեներացվում Հայաստանի Հանրապետության դեմ: Ասում եմ՝ մենք գիտենք, հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործության միջոցներով  Հայաստանի Հանրապետության դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու: Մենք ո՞նց կարող ենք ասել`վայ ինչ լավ է, քաղաքական հակառակորդները գտնվում են Բաքվի բանտում: Ո՞նց կարելի է այդպես մտածել ընդհանրապես»,- թեման եզրափակեց Հայաստանի վարչապետը։




Լրահոս