Բելառուսի գործող նախագահ Լուկաշենկոն զարմացել է, երբ լսել է Փաշինյանի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին:
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ այնտեղ անցկացվող նախագահական ընտրութունների ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը իրենից նեղանում է նրա համար, որ ժամանակին աջակցել է Ադրբեջանին: Պնդել է, թե ինքը միշտ «ջանացել է, որ պատերազմ չլինի», և որ այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավարը «պրագմատիկ դիրքորոշում ուներ»:
«Այն, ինչ տեղի ունեցավ, մեղքը Հայաստանի ղեկավարությանն է, միայն նրանցը», – ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, թե իրեն ու Ռուսաստանի առաջնորդին զարմացրել է Փաշինյանի՝ Արցախի մասին խոսքերը։
Ավելի վաղ, երբ Լուկաշենկոն պաշտպանել էր Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի դեմ, Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե ոչ ինքը, ոչ էլ որևէ հայ պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ այդ երկրում Ալեքսանդր Լուկաշենկոն է նախագահում։
Այս հայտարարությունից հետո Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցան ԵԱՏՄ գագաթնաժողովում, երբ Փաշինյանը հայտնեց, որ մայիսին Հայաստանից պատվիրակություն չի մեկնի Մինսկ, այլ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի հեռավար՝ տեսակապի միջոցով։
Շարունակելով քննադատությունները՝ «Եվրոպայի վերջին դիկտատոր» անունը ստացած Լուկաշենկոն հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Եվրամիության հետ, ինչը, նրա կարծիքով, «կկործանի» Հայաստանը:
«Վտանգավոր խաղ է: Նա կկործանի Հայաստանը: Հանգստացրե՛ք նրան», – ասել է ավելի քան 30 տարի Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն:
Նա չի հերքել, թե Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիրն Ադրբեջանին զենք է վաճառել, ընդգծելով, որ բաց են եղել նաև Հայաստանի համար:
«Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել»,- ասել է Բելառուսի գործող ղեկավարը:
Հավելենք, որ նախնական տվյալներով՝ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 86,82%-ը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն։
2020 թվականի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,10 տոկոսը։
Վերջնական տվյալները կհրապարակվեն փետրվարի 3-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան