Բաքվում այսօր անցկացվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որն, ինչպես նախկինում, ընթանում է փակ ռեժիմով՝ Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում՝ Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ:
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը օրեր առաջ ուղերձ է հղել, որում պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները կեղծ են, և դատավարությունն իրականացվում է խախտումներով, իրեն չեն տրամադրել բավարար ժամանակ ու հնարավորություն՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Վարդանյանը պահանջում է, որ իր և մյուս մեղադրյալների դատավարությունները լինեն բաց՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների մասնակցությամբ։ Արցախի նախկին պետնախարարը դիմում է միջազգային հանրությանը՝ աջակցելու իր պահանջներին և ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի դատական համակարգում առկա անարդարություններին։
Հավելենք, որ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Հարկ է նշել, որ ադրբեջանական դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը։
Էմմա Միքայելյան