Հանրային տրանսպորտի շուրջ դժգոհությունները չեն հանդարտվում։ Այն խնդիրները, որոնց բախվում են քաղաքացիները, բազմազան են, բայց թեման մեկն է՝ հանրային տրանսպորտը։
ArmLur.am-ին դիմած քաղաքացին ասում է, որ Երևանի N1 ավտոբուսը, որը սպասարկում է Չաուշի հրապարակից մինչև Հյուսիսային ավտոկայան երթուղին, անգործության է մատնված։
ArmLur.am-ին դիմած քաղաքացին պատմում է, որ 30-40 րոպե ստիպված է լինում կանգառում սպասել՝ այն դեպքում, երբ կայանում միաժամանակ մի քանի ավտոբուս է կանգնած, իսկ, երբ քաղաքացիները խնդրում են վարորդներին, որ ավտոբուսի դուռը բացեն, որպեսզի դրսում չսպասեն տարվա այս ցուրտ եղանակին, վարորդները հրաժարվում են՝ ոչինչ չմեկնաբանելով։
Երևանի տրանսպորտային ուղեցույցի պաշտոնական կայքում նշվում է, որ ավտոբուսների շարժման միջակայքը 8 րոպեն է, այնինչ քաղաքացիները ստիպված են 5 անգամ ավել ժամանակ ծախսել սպասելու համար։
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևան ավտոբուս ՓԲ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է վարորդների անգործության պատճառը, սակայն զանգերը մնացին անպատասխան:
Էմմա Մարտիրոսյան