Եգիպտոսը և Հորդանանը մերժել են Թրամփի ծրագիրը Գազայի հատվածից բնակիչների վերաբնակեցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսն ու Հորդանանը չեն համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն գաղափարին, որ մեծ թվով պաղեստինցիներ հեռանան Գազայի հատվածից։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մշտապես աջակցում է պաղեստինցի ժողովրդին՝ իր հողի վրա:

Նաև հայտարարության մեջ ասվում է, որ Եգիպտոսը մերժում է «ցանկացած ոտնձգություն այդ անկապտելի իրավունքների նկատմամբ՝ լինի դա բնակավայրերի ընդլայնման, հողերի անեքսիայի ճանապարհով, թե վերաբնակեցման, վտարումը խրախուսելու կամ տեղահանման միջոցով պաղեստինցիներին իրենց հողից հանելով՝ լինի դա ժամանակավոր կամ երկարաժամկետ»:

Եգիպտոսի ԱԳՆ-ն նաև միջազգային հանրությանը կոչ է արել աշխատել երկու պետությունների ստեղծման ճանապարհով իրադրությունը կարգավորելու շուրջ, որը, Կահիրեի կարծիքով, անհնար կդառնա, եթե պաղեստինցիներին վտարեն իրենց տարածքներից:

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին իր հերթին հայտարարել է, որ իր երկրի կողմից պաղեստինցիների ցանկացած տեղահանում չընդունելը «հաստատակամ է և անսասան»:

Միևնույն ժամանակ Կատարի պաշտոնատար անձինք, որոնք որպես միջնորդ են հանդես եկել Գազայում մարտական գործողությունների դադարեցման հարցում, «կարմիր գիծ» են համարել ցանկացած ծրագիր, որը կհանգեցնի տեղահանման կամ կրկնակի օկուպացման:

Արաբական պետությունների լիգան նույնպես հայտարարել է, որ մարդկանց բռնի տեղահանումն ու վտարումն իրենց հողերից ոչ այլ ինչ են, քան «էթնիկ զտում»:

«Պաղեստինի ժողովրդին իր հողից վտարելու փորձերը՝ լինի դա տեղահանման, բռնակցման կամ բնակավայրերի ընդլայնման ճանապարհով, անցյալում ձախողվել են», – ասվում է տարածաշրջանային դաշինքի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Գազայի հատվածը «մաքրելու» և նրա բնակչությանը Եգիպտոսում ու Հորդանանում վերաբնակեցնելու պլան։ Նա հայտարարել էր, որ «կցանկանար, որ Եգիպտոսն ընդուներ ժողովրդին», և «Հորդանանն ընդուներ ժողովրդին»: Նրա խոսքով՝ Գազայի բնակիչների վերաբնակեցումը կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ։




Լրահոս