Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` «Հայաստան» հանրախանութի առաջին հարկում, որը վարձակալել էր Սամվել Ալեքսանյանը և պատրաստվում է կառուցել «Երևան սիթի» սուպերմարկետ, շինաշխատանքները դադարեցվել են:
Դա տխրեցրել է հանրախանութի աշխատակիցներին, քանի որ նրանք հույս ունեին, որ սուպերմարկետի գործելու դեպքում կշահեն նաև իրենք՝ կաշխուժանա առևտուրը:
Շինարարության դադարեցման պատճառը փորձեցինք ճշտել Սամվել Ալեքսանյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, իսկ ահա հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանն armlur.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը:
Թե երբ կավարտվեն սուպերմարկետի կառուցման շինաշխատանքները, Հայրապետյանը դժվարացավ ասել:
Հարցին` արդյոք սուպերմարկետի կառուցումը չի մտահոգում հանրախանութի աշխատակիցներին, պրն. Հայրապետյանը բացասական պատասխան տվեց: Ավելին, նա նույնպես վստահեցրեց, որ սուպերմարկետի կառուցումը կաշխուժացնի իրենց կենտրոնի առևտուրը:
Թեև սեփականատերը հերքեց սուպերմարկետի կառուցման աշխատանքների դադարեցման մասին տեղեկատվությունը, սակայն հանրախանութի աշխատակիցներից մեկը մեզ հավաստիացրեց հակառակը. 15 օր է` ապագա «Երևան սիթիի» կառուցումը ձգձգվում է: