Հայաստանի Հանրապետության Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը։ Զեկույցում ընդգծվում էր քաղաքական ենթատեքստերը՝ կապված Հայաստանի արտաքին հարաբերությունների հետ։ Մասնավորապես Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին շարադրելիս Ծառայությունը հստակ որակումներ է տալիս ՀԱՊԿ-ին՝ անգործունակ և անկենսունակ։
Զեկույցում մասնավորապես ասվում է․
«Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում։ Այս առումով, հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի։ Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար։ Թե տարածաշրջանում և թե տարածաշրջանից դուրս պետությունների կողմից պաշտպանական ծախսերի աճի տեմպը, սպառազինության և ռազմարդյունաբերության զարգացման միտումը կշարունակվի, ինչը խնդիրներին ռազմական արձագանքը կպահպանի որպես հիմնական գործելակերպ նաև մեր փոքր տարածաշրջանի դերակատարների համար։ Այս իրողությունները կշարունակեն գեներացնել նաև ասիմետրիկ ռիսկեր նյութական և ոչ նյութական ռեսուրսների օբյեկտիվորեն փոքր պաշար ունեցող պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է»,- ասված է զեկույցում։
Բացի սա Արտաքին հետախուզության ծառայությունը զեկույցի շրջանակներում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ռազմական ծախսերի դինամիկային՝ ընդգծելով, որ Ադրբեջանը մի քանի անգամ ավել միլիոն դոլարներ է ներդրել ռազմական ոլորտում, իսկ Հայաստանի ներդրումները միլիոն դոլարով դրանց հետ համեմատ բավականին քիչ են և չունեն դինամիկ աճ։
Հարկ է նշել, որ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանում 2024-ի պետական բյուջեի փոփոխված նախագծով պաշտպանության նախարարության գծով ծախսերը կկազմեն 554 միլիարդ դրամ՝ 7 տոկոսով գերազանցելով 2023-ի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը։
Ստացվում է՝ Հայաստանը ոչ միայն ԵԱՏՄ գործընկերության հետ է փորձում կապերը խզել, այլ նաև ՀԱՊԿ-ի հետ է հարաբերությունները շարունակաբար լարված պահում։
Էմմա Միքայելյան