«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվեց Քրեական գործ։ Եվ հիմա Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը պետք է որոշի՝ պատասխանատվության կկանչի բանդիտներին, թե ոչ։
Հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր բարձրացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ արդյոք նա վախենում է «բանդիտներից»։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ասել էր. ««Ես չեմ կարող թույլ տալ, որ որեւէ մեկն ինձ ասի՝ թույլ, ուրեմն թույլ են ուժային կառույցները…» այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային մի շարք կառույցների ղեկավարների, այդ թվում եւ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ՍՄՍ գրեց, որ հեռանան պաշտոնից: Նշանակվեցիք դուք, որպեսզի, բնականաբար, ուժեղացնեք կառույցը: Բայց դուք մի քանի շոուներով եք աչքի ընկել. ինչ-որ մարդկանց «շարասյուներ» կանգնեցնել, պառկեցնել ասֆալտին, թափ տալ շորերն ու տուն ուղարկել:
Իմ հարցը կոնկրետ է, տիկի՛ն նախարար. նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին ակնհայտորեն գազագողությամբ է զբաղվում, հարկային ծառայությունն անկարող է վերահսկել, տեսուչները չեն կարողանում մոտենալ՝ գազի հաշվիչների տվյալները վերցնելու: Կարճ ասած՝ բանդա է գործում պետության ներսում: Ու սա «Ժողովուրդ» օրաթերթը չի ասում. լրատվամիջոցները ամիսներ շարունակ աղաղակում են:
Տեղյակ չե՞ք: Օրերս նույն նահապետ Գեւորգյանի որդուն ցուցադրաբար ձերբակալեցիք ու շատ արագ բաց թողեցիք: ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՔ՝ ՄԱՄՈՒԼԻ ԱՍԱԾ «ԲԱՆԴԻՏՆԵՐԻ» դեմ պայքարեք. ինչ ուզում՝ անում են, թե՞ պետությանը ձեռնտու են գազագողության այդ մասշտաբները»:
Եվ ահա մեր այս բարձրաձայնումից հետո ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ։ ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էին. «ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունով՝ խուլիգանության փաստով կազմվել են փաստաթղթեր եւ ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժին»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից հայտնեցին. «Դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Մնում է, որ այս գործն էլ չդառնա հերթական ձախողված և մեղադրյալ չունեցող քրգործերից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: