Հայ-թուրքմենական առեւտրատնտեսական կապերի ստեղծման եւ ընդլայնման նպատակով Աշխաբադ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով եւ բազմաոլորտային/ունիվերսալ ցուցահանդես ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում:
Զարգացման հայկական գործակալություն հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գործարար համաժողովի համակազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների (Գործատուների) Միությունը:
Համաժողովին Հայաստանից մասնակցում են արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 30 ընկերություն՝ սնունդ (կաթնամքերք, մսամթերք, հրուշակեղեն, սուրճ, կոնյակ, գինի, պահածոներ եւ հյութեր), տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, շինարարություն, կոշկեղեն, ոսկերչություն, զբոսաշրջություն:
Գործարար համաժողովի շրջանակներում տեղի կունենա հայկական ապրանքների ցուցահանդես:
ՀՀ եւ Թուրքմենստանի Արդյունաբերողների եւ Գործարարների միության միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր:
2013թ.-ին Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 21.6 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 19.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 2.6 մլն ԱՄՆ դոլար: 2012թ.-ի համեմատությամբ, արտահանումը աճել է 37.6%-ով, իսկ ներմուծումը նվազել է՝ 81.2 %-ով:
2012թ-ին հիմնական արտահանվող ապրանքներն են՝ տաբակ, տաբակի արդյունաբերական փոխարինող, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, մետաղներ, ժամացույցներ եւ դրանցից մասեր
Հիմնական ներմուծվող ապրանքներն են՝ հանքային վառելանյութ, նաֆթ, բիտումինային ապրանքներ, հանքային մոմանյութ, բամբակ, հատուկ գործվածք, գոբելեն: