ՏԱՐՀԱՆՎԵՆ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ..

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի`  2011թ. հոկտեմբերի 26-ի հանձնարարականի հիման վրա Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում սողանքի գոտու իրավիճակն ուսումնասիրելու եւ առաջարկություն ներկայացնելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության, ԱԻՆ փրկարար եւ սեյսմիկ պաշտպանության ծառայությունների, Տավուշի մարզային փրկարարական վարչության եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցներ, ինչպես նաեւ Գետահովիտ համայնքի ղեկավար Սարգիս Ղազարյանը:  
Խումբը նոյեմբերի 18-ին կատարել է սողանքային գոտու ակնադիտական ուսումնասիրություն, ըստ որի՝ պարզվել է, որ սողանքային տեղամասն ընդգրկում է 5 հա տարածք: Այն  ներառված է Հայաստանում առավել ակտիվ սողանքային տեղամասերի ցանկում: Այնտեղ ինժեներաերկրաբանական հետազոտություններ եւ դրանցից բխող հակասողանքային միջոցառումներ չեն արվել: Տեղանքը 30-40 աստիճան թեք է: Աշխատանքային խմբի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սողանքի եւ դրա ազդեցության վտանգավոր գոտում է գտնվում 91 առանձնատուն:
Արձանագրվել է, որ սողանքային լանջի կայունությունը խախտված է, եւ ցանկացած բնածին կամ տեխնածին ազդեցություն կառաջացնի  հողի ակնթարթային սահք: Աշխատանքային խումբը կարծում է, որ հարկ է  մասնագիտացված կազմակերպությունների միջոցով այդտեղ իրականացնել ինժեներաերկրաբանական հետազոտություններ, իսկ մինչ այդ անհրաժեշտ  է իրականացնել ժամանակավոր բնույթի միջոցառումներ` կատարել սողանքի գոտում առկա ճեղքերի կավե տոփանում, բացառել սողանքային լանջում գոյություն ունեցող խմելու եւ կոյուղու ցանցերից արտահոսքերը, արգելել սողանքային լանջում կառուցապատման աշխատանքները: Ուսումնասիրության արդյունքում աշխատանքային խումբը եզրակացրել է. «Կարեւորելով բնակիչների անվտանգությունը  եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գետահովիտ համայնքի սողանքային տեղամասում  հակասողանքային միջոցառումների իրականացումը տեխնիկապես բարդ խնդիր է եւ պահանջում է երկարատեւ ժամանակ ու զգալի ներդրումներ, անհրաժեշտ է առաջնահերթ իրականացնել սողանքից վնասված եւ վթարային վիճակում գտնվող անհատական բնակելի տների բնակիչների վերաբնակեցումը»: Սակայն եզրակացությունից պարզ չէ, թե քանի առանձնատան բնակիչներ եւ որտեղ պետք է վերաբնակեցվեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս