Երեցկանանց հավաք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին Ս. Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու նախագահությամբ տեղի ունեցավ երեցկանանց անդրանիկ հավաքը:

Հավաքի առիթով Հայաստանի թեմերից և Արցախից Մայր Աթոռ ժամանած 120 երեցկանայք նախ ներկա գտնվեցին Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագին: Պատարագի սրբազան արարողությունից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում սկսվեց Երեցկանանց հավաքը:

Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն ընդգծեց առաջին անգամ գումարված երեցկանանց այս հավաքի կարևորությունը` նշելով, որ Ս. Աստվածածնի Ավետման տոնի խորհուրդը հոգեպարար մթնոլորտ է հաղորդել այս բացառիկ հանդիպմանը և տոնի հոգևոր խորհրդաբանությունն ավելի է հատկանշում երեցկանանց մասնակցությունն իրենց քահանա ամուսինների առաքելությանը: Բացման խոսքից հետո «Երեցկնոջ դերակատարությունը հովվական կյանքում» թեմայով զեկույց կարդացին Արագածոտնի թեմի Ոսկեվազ համայնքի հոգևոր հովիվ Տ. Զորայր քահանա Կարապետյանն ու երեցկին Զինարիկ Անտոնյանը:

Արժանապատիվ Տեր Հայրն իր զեկույցում անդրադարձավ երեցկնոջ ունեցած բացառիկ դերակատարությանը համայնքային կյանքում և մատնանշեց հովվական կյանքում երեցկանանց ներգրավվածության առանցքային կետերը: Իր հերթին երեցկին Զինարիկ Անտոնյանն իր երախտագիտության խոսքը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին երեցկանանց ընձեռված այս բացառիկ հնարավորության համար, ապա համայնքային կյանքում երեցկանանց արդյունավետ ներգրավվածության իբրև օրինակ ներկայացրեց Արագածոտնի թեմում երեցկանանց ուժերով իրականացվող «Լույս մանկանց» քրիստոնեական կրթա-դաստիարակչական ծրագիրը: Երեցկինը շեշտադրեց այն կարևորագույն և պատասխանատու մասնակցությունը, որ պիտի ունենա երեցկինը քահանայի հովվական ծառայության ընթացքին: Լինելով քահանայի լծակիցը` առաքինի վարքով և եկեղեցանվեր սպասավորությամբ, խոնարհ կեցվածքով երեցկինը պիտի բարի օրինակ հանդիսանա ժողովրդի համար: Այնուհետև նյութի շուրջ տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին թեմերից ներս երեցկանանց կողմից իրագործվող տարբեր կրթական, սոցիալական ու քարոզչական ծրագրեր` միտված նպաստելու քահանայից դասի ծառայության առավել արդյունավորմանը: Հավաքն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ ու պատգամով: Վեհափառ Հայրապետը նախ Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց հավաքի մասնակիցներին` հայցելով, որ Երկնավոր Տերն Իր օրհնության ներքո քաջառողջ և երջանիկ պահի նրանց ընտանիքները: Այնուհետև անդրադառնալով երեցկնոջ կարևոր դերակատարությանը քահանայի առաքելության իրագործման ճանապարհին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քահանաներին աջակից լինելու երեցկանանց գիտակցությունը, ծառայության և հանձնառության ոգին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հոգևորականը կոչված է ծառայելու Եկեղեցուն, ինչի գիտակցությունը պետք է ունենա նաև երեցկինը և ըստ ամենայնի մղի իր ամուսնուն հոգևոր առաքելության մեջ չթերանալու, որպեսզի Աստծո օրհնությունը տվյալ քահանայի ընտանիքի մեջ ավելիով առատանա: Գոհունակություն հայտնելով հավաքի ընթացքում ներկայացված տարբեր ծրագրերի և երեցկանանց կողմից իրականացվող աշխատանքների առիթով` Նորին Սրբությունը նշեց. «Շատ գովարժան է, որ երեցկանայք զորակից են քահանաներին իրենց ծառայության ու առաքելության մեջ: Ինձ համար մեծապես ուրախալի է և հաճելի, որ շատ երեցկանայք նման գործունեություն են իրականացնում: Այս իմաստով ես ողջունում և իմ գնահատանքն եմ բերում այն երեցկանանց, ովքեր պատիվ են բերում իրենց քահանա ամուսիններին, փառք են հավելում մեր Ս. Եկեղեցուն` գեղեցիկ օրինակ դառնալով մյուսների համար: Ես մեծ ուժ եմ տեսնում` ի դեմս երեցկանանց: Եթե դուք ներգրավվեք ծառայության մեջ հովվական կյանքից ներս, վստահաբար այդպիսի արդյունավետություն պիտի ապահովեք»: Հավաքի արդյունքում որոշվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծել մի կառույց, որը կկազմակերպի երեցկանանց տարեկան հավաքները, ինչպես նաև երեցկանանց նախաձեռնությամբ կիրականացնի տարբեր հանրօգուտ ծրագրեր: Հավաքին ներկա էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի բաժնի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի Հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ 




Լրահոս