Կյանքից հեռացել է լրագրող Արմեն Դուլյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Մայիսին նա կդառնար 72 տարեկան։

Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։

2019 թ. հոկտեմբերից մինչ օրս հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով՝ բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները. նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։

Դպրոցն ավարտելուց հետո Արմեն Դուլյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, սակայն առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է պարտադիր զինծառայության։ Երկու տարի Խորհրդային զինված ուժերում ծառայելուց հետո Երևանում աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալությունում որպես թարգմանիչ։ Աշխատանքին զուգահեռ հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1990-ականների առաջին կեսին գործընկերոջ հետ հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ «Սնարք» գործակալությունը, 1990-ականների սկզբին աշխատել է ռադիո «Ռոսիայի» երևանյան թղթակից, հոդվածներ է հրապարակել տեղական մամուլում։ 2014-2016 թվականներին հրապարակախոսական հոդվածաշարով հանդես է եկել «Առավոտ» օրաթերթում։

1992-1993 թվականներին Դուլյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղարը։
1994 թվականից ռադիոռեպորտաժներ է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի համար, 2008 թվականի ամռանը հրաժարվել է շարունակել աշխատանքն «Ազատություն» ռադիոկայանում։

Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում վարել է «25 րոպե» քաղաքական-վերլուծական հաղորդումը։ Միաժամանակ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում պատրաստել և հնչեցրել է «Մամուլի տեսություն» հաղորդաշարը։

2010 թվականին աշխատանքի է անցել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում։
Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունում հիմնել է հեղինակային քաղաքական-վերլուծական ամենօրյա հաղորդում, այնտեղից հեռացել է 2018 թվականի մարտին։




Լրահոս