ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը սպասում է Ռուսաստանի կործանմանը՝ նշելով, որ դա բացելու է նոր հեռանկարներ. մանրամասներ փակ նիստից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացրած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել է կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք է առաջացրել անգամ բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ:

Տեղեկացնենք, որ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել էր Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների ղեկավարած պատվիրակությանը: Հյուրընկալված պատվիրակության կազմում էին Էստոնիայի Ռիյգիկոգուի (Էստոնիայի Ազգային ժողով) նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը, Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ:

«Ժողովուրդ» օրաթերթին բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը բալթյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը չլուսաբանվող է եղել, հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և բալթյան երկրների համար լավ լինի: Սիմոնյանը նաև ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի և բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել: ՀՀ ԱԺ նախագահի խոսքերը հակասական արձագանքներ են առաջացրել արտաքին քաղաքական շրջանակում եւ անգամ բալթյան երկրների ներկայացուցիչները տարակուսել են, որ ՀՀ ԱԺ նախագահը իր խոսույթով ավելի հակառուս է, քան նույնիսկ իրենք, որ ողջ քաղաքականությունը կառուցել են այդ սկզբունքների վրա:

Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքրվեց.

  • Ինչո՞ւ է ԱԺ նախագահը նման խոսույթով հանդես եկել և կա արդյոք հաշվարկ։
  • Ի՞նչ հետեւանքներ կունենան Հայաստանի համար ԱԺ նախագահի այս խոսքերը:

Ալեն Սիմոնյանի խոսնակ Մոսվես Հարությունյանը մեր հարցերին արձագանքեց. «ՀՀ ԱԺ նախագահը նման հայտարարություններ չի արել, ուստի անհնար է պատասխանել մի բանի վերաբերյալ հարցի, որն իրականության հետ որևէ աղերս չունի»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս