Ավագ ենթասպա, լեռնափրկարար, դիպուկահար Վիկտորյա Խաչատրյանն ընդամենը 21 տարեկան է: Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրսում` փրկարարական բաժնում: Նախքան Վիկտորյան, այդ ֆակուլտետում երբեք աղջիկ չի սովորել:
Վիկտորյան կարծում է, որ մարդկանց փրկելու մեծ ցանկությունն իր մեջ գենետիկական է: Մորական տատիկը, ում անվանակիրն է, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել, իսկ քույրը դատափորձագետ է:
Օրեր առաջ էլ Վիկտորյան ամուսնացավ, ամուսինը եւս փրկարար է:
-Ի՞նչը դրդեց Ձեզ ընտրել փրկարարի մասնագիտությունը:
-Այդ ցանկությունն իմ մեջ դեռ մանկուց է եղել, համազգեստի հանդեպ էլ երբեք անտարբեր չեմ եղել: Դպրոցն ավարտելուց հետո դիմեցի ոստիկանական ակադեմիա, դուրս մնացի եւ ընդունվեցի «Բերկուտ» թիկնապահական քոլեջը: Մի օր անցնում էի արտակարգ իրավիճակների վարչության կողքով, մեկ էլ տեսա, որ աշխատանքի հայտարարություն կա փակցված: Խնդրեցի մայրիկիս իմ փոխարեն դիմում գրել: Ես այդ ժամանակ 17 տարեկան էի: 3 ամիս փորձաշրջանից հետո ընդունվեցի հատուկ փրկարարական ջոկատ` որպես ընդհանուր պրոֆիլի փրկարար:
-Ընտանիքում հեշտությա՞մբ ընդունեցին քո որոշումը:
-Ես կասեի` մայրիկս ստիպված համաձայնեց, քանի որ պայման էի դրել: Հեռուստատեսությամբ տեսել էի, որ Հայաստանից աղջիկներ էին հավաքում Իսրայելի բանակում ծառայելու համար: Մայրիկիս ասացի, որ ուզում եմ գնալ կամ էլ դու պետք է դիմումս գրես, ես մնամ, էստեղ աշխատեմ: Ստիպված դիմումս գրեց:
-Վտանգավոր մասնագիտություն եք ընտրել:
-Ես այդ ժամանակ չէի էլ մտածում, որ դիակների հետ եմ գործ ունենալու, վթարների, աղետների կիզակետում եմ լինելու: Գիտեի միայն պարաններով իջնել-բարձրանալ: Մնացած բաներն էլ ինձ վարչությունում զգուշացրին, որ այդ տեսակ խնդիրներ կարող են լինել, բոլորը տղաներ էին: Ամեն դեպքում, չհրաժարվեցի իմ ցանկությունից: Չեմ ասի, որ այս գործով եմ զբաղվում, որ տարբերվեմ շատերից, պարզապես ես շատ սիրելով եմ անում աշխատանքս:
-Գիտեմ նաեւ, որ մի քանի հոգու հետ եք պահել ինքնասպանություն գործելուց:
-Աշխատանքի ընթացքում շատ բաներ ես սովորում: 3 տարի է, ինչ աշխատում եմ, ու մարդկանց հետ շփվելով` մի քիչ էլ որպես հոգեբան եմ հանդես գալիս: Զրուցում եմ նրանց հետ: 2 անգամ նույն տղան ուզում էր ինքնասպանություն գործել, 2 անգամ էլ ես իջեցրի նրան, բարձրացել էր պատշգամբ եւ ուզում էր իրեն գցել այնտեղից: Մի անգամ մեկ այլ տղամարդ Կիեւյան կամրջի վրա էր:
-Այդքան դեպքեր տեսնելուց հետո ցանկություն չի՞ առաջանում ավելի հանգիստ աշխատանքով զբաղվել:
-Ո՛չ: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, ոչինչ ստիպված չեմ անում: Մեր տղաներն ինձ նույնիսկ ասում են` դու մի՛ արի կանչի, մնա՛ սենյակում, կսառես: Ես էլ ասում եմ, եթե սառում ենք, միասին ենք սառում, եթե հաց ենք ուտում, եւ մի կտոր է, կիսում ենք բոլորիս մեջ:
-Վտանգավոր իրադրությունները կարծես Ձեզ չեն վախեցնում, այլ ընդհակառակը:
-Չգիտեմ, դա երեւի խելառ մարդու բան է, բայց աշխատավայրում ես անհամբեր սպասում եմ կանչերին: Հասկանում եմ, որ հաճելի կանչեր չեն, ո՛չ ծնունդ է, ո՛չ էլ կնունք: Դեպքեր են ու շատ ծանր: Ուղղակի չեմ կարողանում պարապ նստել ջոկատում:
-Կմտաբերե ՞ք ամենաահասարսուռ դեպքը:
-Ամեն կանչն էլ ահասարսուռ է, բոլորը տարբեր բնույթի են: Ես կասեմ, թե որ կանչերից եմ նեղված գնում տուն: Այն բոլորի, որոնց ժամանակ զոհեր ենք ունենում: Ամեն դեպքում, փորձում եմ մի քիչ սառը լինել այդ պահերին, բայց ուզած, թե չուզած ազդում է:
-Իսկ անծանոթ մարդկանց արձագանքն ինչպիսի՞ն է, երբ տեսնում են, որ փրկարարն աղջիկ է:
-Անկախ նրանից, թե դա ինչ կանչ է` վթար, թե կենցաղային ինչ-որ բան, ժողովուրդը զարմանում է: Մի օր կանչից գնացել էինք ջոկատ, ու տղաներն ուշադիր նայում էին վրաս: Հարցնում էին, թե երեսս ինչու է կարմիր: Մեկ էլ հիշեցի, որ քիչ առաջ կանչի էի գնացել, ու մի 5 կին ինձ անընդհատ համբուրում էին: Ամբողջ դեմքս շրթներկի մեջ էր: Շատ են ասում` մամայիդ ասա՛, թող քո նման մի քանի աղջիկ էլ ունենա:
-Դժվար չէ՞ տղաների մեջ աշխատել:
-Թիկնապահական քոլեջում էլ 150 տղա էին, միայն ես էի աղջիկ: Կարող եմ ասել, որ ինձ հետ աշխատող տղաների հետ մտերիմ ենք, միմյանց հարգում ու սիրում ենք: Էնպես չէ, որ խնդիրներ չեն ծագում, բայց դրանք տեւում են ընդամենը 10 րոպե: Ես իրենց քույրն եմ, նրանք իմ եղբայրները:
-Գիտեմ նաեւ, որ ամուսինդ նույնպես փրկարար է:
-Այո՛, մենք միասին ենք ընդունվել, փորձաշրջան անցել, հիմա նա լեյտենանտ է, նախարարությունում է աշխատում` ներքին ծառայության պետ: Ստացվեց, որ աշխատանքն է մեզ ծանոթացրել: Երկար միասին աշխատել ենք, վստահում ու սիրում ենք իրար: Նա բացարձակապես դեմ չէ իմ աշխատանքին:
«ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԿԱՆՉԵՐԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ