ՌԱԿ հայտարարությունը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռամկավար Ազատական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը որպես ՀՀ վարչապետ եւ հաստատում է, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի եւ քաղաքական նոր մթնոլորտի ձեւավորման վրա: Տիգրան Սարգսյան վարչապետը, ըստ մեր գնահատման, հանդիսանում էր  միջազգային ատյաններում բարձր հեղինակություն վայելող  ՀՀ կառավարության  ղեկավարներից : Սա էր պատճառը, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի ամենածանր շրջանում ՀՀ կարողացավ ներգրավել վարկային նոր միջոցներ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար: Նախկին վարչապետը հսկայական աշխատանք կատարեց ստեղծելու համար տարածաշրջանի ամենակայուն ֆինանսական համակարգը: Միաժամանակ նրա վարչապետության օրոք ՀՀ-ի ՀՆԱ կառուցվածքում կատարվեց էական փոփոխություն եւ ՀՀ զարգացման մեջ կարեւոր դեր սկսեց կատարել արտադրությունը, որը մեր պետության  տնտեսության զարգացման  շարժիչ  ուժն է: Տիգրան Սարգսյանը առաջին վարչապետ էր, ով կարեւորեց արտահանմանն ուղղված եւ գիտելիքահեն տնտեսության ստեղծման առաջնահերթությունը պետության զարգացման հեռանկարի առումով: Նրա վարչապետության շրջանում ՀՀ-ի արտաքին առեւտրաշրջանառության մեջ սկսեց աճել արտահանման ծավալը՝ մոտ 2 անգամ գերազանցելով մինչ այդ եղած արդյունքը: Նախկին վարչապետի գործունեությունը կարեւոր էր նաեւ որպես պետության ռազմավարական ապագայով մտահոգ մարդու, ով հասկանում էր, որ ՀՀ-ի զարգացման ու հզորացման համար կարեւոր է ոչ միայն այսրոպեական խնդիրների լուծումը, այլեւ հեռանկարային ծրագրերը եւ դրանց հիմնադրումը հենց այսօր, ինչը կամրացնի պետության հիմքերը տեսանելի հեռանկարում: ՌԱԿ-ը շնորհակալ է նախկին վարչապետին ակտիվ համագործակցության համար եւ  բարձր  է գնահատում նրա ավանդը ՀՀ պետական համակարգի զարգացման գործում, միաժամանակ հաջողություն մաղթելով ՀՀ ապագա վարչապետին նրա հայրենաշեն եւ ազգաշեն բոլոր գործերում:

ՌԱԿ  Հանրապետական   վարչություն 




Լրահոս