Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, այն ձևավորվել է հայ ժողովրդի համար շատ բարդ, օրհասական, դժվարագույն պահին, երբ որ մենք կերտում էինք և Հայաստանի անկախությունը, և Արցախի ինքնորոշումը շրջափակման, մեզ պարտադրված պատերազմի, երկրաշարժի պայմաններում: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրղների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա, խոսքով, բանակը պատվով կատարել է իր հիմնական խնդիրը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի համար երաշխավոր է եղել. «Բանակը դժվարագույն պահեր, զրկանքներ է ապրել, երբ որ միայնակ է եղել, լքված է եղել այսօրվա իշխանություններից, ազգակործան այն ղեկավարներից, որոնք գոնե 44 օրյա պատերազմի ընթացքում պետք է համախմբեին մեր ամբողջ ներուժը, մոբիլիզացնեին ողջ ժողովրդին և կարողանային որոշել հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը և տանեին, փակեին այդ ճեղքման ճանապարհը: Բանակը իր հրամանատարի, իր զինվորի հետ միասին իր պատվո մարտը միշտ էլ տվել է և միշտ էլ հաղթանակած է դուրս եկել: Մենք ամեն ինչ պետք է անենք և ժողովուրդը, եթե ոտքի կանգնի մենք երբեմնի բանակի փառքը վերականգնելու ենք և բանակը դեռ իր հուժկու հարվածը տալու է մեր հայրենիքի, մեր պաշտպանության համար»,-ասաց Օհանյանը:
Պատասխանելով սպառազինության վերաբերյալ լրագրողների հարցին՝ Օհանյանը նշել է. «Մենք ընդհակառակը, տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք սպառազինություն, ռազմական տեխնիկա, նաև կարողացել ենք այն ձեռք բերել և ՀԱՊԿ ցածր գներով, և նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել սպառազինություն և ռազմական տեխնիկա, բավականին մեծ քանակությամբ և բավականին նաև առաջատար սպառազինության միջոցներ։
Փաշինյանը թող ինքը պատասխան տա, թե այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքին, ու՞ր է հիմա, ինչու ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, օգտագործելով մեր պետության ամբողջ ներուժը և նաև կառավարման համակարգում գործող բոլոր օրգաններին, որպեսզի ճիշտ գնահատի ռազմաքաղաքական իրավիճակը։
Իր կառավարման ընթացքում այն միասնականությունը, որը որ գոյություն ուներ, այն միասնականությունը, որը որ արտահայտվել էր բոլոր մարտական գործողությունների ժամանակ, պարզապես քայքայվեց, դրա համար ինքը թող պատասխան տա»: