Ազատամարտիկներ. ողջունում ենք ոչ իշխանական ուժերի միասնականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 3-ին, հրաժարականի քողի ներքո, պաշտոնանկ արվեց Հայաստանի սնանկացման հիմնական ճարտարապետներից մեկը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Փաստորեն, իշխանական կերատաշտակի մոտից հեռացվեց մեկը, ով երկար տարիներ սնուցում էր այն՝ հանցավոր սխեմաներով, տարաբնույթ մեթոդներով, ինչի արդյունքում ժողովուրդն առավել աղքատացավ և դիմեց զանգվածային արտագաղթի: Իշխանությունները, ղեկավարվելով ոհմակի հոգեբանությամբ, սեփական լինելիությունն ապահովելու համար, զոհաբերեցին իրենց թիմակցին: Այս գործընթացում, սակայն, վճռորոշ դեր ունեցան քաղաքական ուժերը՝ հանձին ոչ իշխանական քառյակի և «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության: Այս ուժերի վճռական գրոհի սպառնալիքը իշխանություններին ստիպեց զոհասեղանին նետել Տիգրան Սարգսյանին: Ցուցաբերվեց միասնականություն, որի ջատագովն ենք նաև մենք: Նախորդ տարի աշնանը Դաշտային հրամանատարների խորհուրդը կուսակցություններին առաջարկեց, մեզ որպես միջնորդ և իրենց որպես որոշիչ քաղաքական միավորներ, նախաձեռնություն հանդես բերել՝ միասնական լուծումներ փնտրելու, պետությունն այս դժոխային վիճակից դուրս բերելու ճանապարհին, ինչն այսօր տվեց իր առաջին արդյունքը: Մենք ողջունում ենք ոչ իշխանական ուժերի՝ միասնական կամքի դրսևորումը: Միաժամանակ հորդորում ենք չբավարարվել ձեռք բերվածով և շարունակել ամբողջական իշխանափոխության գործընթացը՝ մինչև համակարգային փոփոխություններ: Համոզված ենք, որ համակարգային փոփոխությունների համար պայքարը չի վերածվի կերակրատաշտի մոտ նոր պաշտոն ստանալու պայքարի: Հուսով ենք, որ ոչ իշխանական միասնաբար հանդես եկող ուժերը վարչապետի հրաժարականը բավարար չեն համարի, ներքին գզվրտոցներով չեն զբաղվի և չեն վերածվի հերթական «հաճախորդների»: Մենք՝ ազատամարտիկներս, հետամուտ ենք լինելու առկա իշխանափոխական գործընթացի անշրջելիությանը և հետևողական ենք լինելու կյանքի կոչել ժողովրդի կամքը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական իշխանություն ձևավորելու գործում:

Ազատամարտիկների դաշտային հրամանատարների խորհուրդ 




Լրահոս