ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանի թիմը 4 անգամ տրանսպորտի գինը փոփոխեց. քաղաքացիների բողոքը կշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքային իշխանությունները ասեցին մեկ բան, արեցին մեկ այլ բան, սակայն երևանցիների պահանջն ընդհանրապես այլ էր։

Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 21-ին առաջին անգամ տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պետք է ունենալ 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ։ Սկսվեց 100 դրամանոց մետաղադրամների սով և 100 դրամանոց մետաղադրամ գտնելը դարձավ պատուհաս Երևանի տրանսպորտներից օգտվողների համար։

ArmLur.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կենտրոնական բանկին և պարզել, որ նոյեմբերի 12-ի դրությամբ՝ շրջանառության մեջ գտնվող 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների զանգվածը կազմում է շուրջ 3.48 մլրդ դրամ կամ շուրջ 34.800.000 հատ:

Երկրորդ փորձով, համաձայն նոյեմբերի 4-ին Երևանի քաղաքապետարանի Գործակարգավարական նիստում քննարկված քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ընթացքի ռելիզի՝ Երևանում հունվարի 1-ից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը  պետք է թանկանար 200%-ով` դառնալով 300 դրամ։ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ էր առաջարկում։

Համեմատաբար շահավետ էր համարվում տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմեր 120.5 դրամ, իսկ ընդհանուր արժեքը 88 հազար դրամ կկազմեր։ Հավելենք, որ նոյեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ էին մտել վճարային տերմինալների միջոցով ստացած QR տոմսերով և TelCell-ի հավելվածի միջոցով օնլայն QR-ների միջոցով վճարումները։

Քաղաքային իշխանությունները մեկ երթի համար 100 դրամը պահելու մտադրություն կարծես թե չունեին, իսկ ընդդիմադիր ուժերը սկսեցին թանկացումը բոյկոտելու կոչերը։

Երրորդ փորձով, Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստի ժամանակ առաջարկվեցին տրանսպորտի միասնական տոմսային համակարգին առնչվող որոշ փոփոխություններ։ Նոր նախագծով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ նախատեսվում էր պահպանել մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

Այս նախագծից հետո հունվարի 1-ից դրամապանակներում և գրպաններում 100 դրամանոց փնտրելն այլևս արդիական չէր, նոր տարին մեկնարկեց նոր կանոններով․ համայնքապատկան ավտոբուսներում կանխիկով վճարել այսուհետ հնարավոր չէր:

Սկսվեց ընդդեմ տրանսպորտի թանկացման նախագծի դեմ բոյկոտ։ Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 27-ի Գոծակարգավարական նիստում Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենց քաղաքացիներն ասում են տրանսպորտի մեկ ուղղության տոմսի արժեքը դարձնել գոնե 150 դրամ, սակայն նման բան հնարավոր չէ։

Ավինյանն այս հայտարարությունն անելուց մեկ օր անց, այս անգամ չորրորդ փորձով, հունվարի 28-ի երեկոյան մտցրեց տրանսպորտի սակագնային փաթեթների 4-րդ փոփոխությունը։

Երևանում փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում, ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեփոխումների պայմաններում:

Այս դեպքում էլ երաշխավորված չէ, որ ամեն տարի 10 դրամ ավելանալով՝ տրանսպորտի գինը կրկին կտրուկ աճ չի գրանցի։

Թվում էր, թե Տիգրան Ավինյանի հայտարարությունները պետք է հանդարտեցնեին քաղաքացիների բոյկոտը, սակայն ընդդիմադիրներ Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը ուղերձով դիմեցին հանրությանը և պահանջեցին շարունակել տրանսպորտի դեմ իրականացվող ակցիան, քանի որ նրանք չեն պատրաստվում վճարել անգամ 150 դրամը։

Այսպիսով, հունվարի 31-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով, որը կլինի 5-րդ փորձը տրանսպորտի սակագնային պլան փոխելու հարցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս