Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷԿՈՏՈՄԱՏՈ» փակ բաժնետիրական ընկերությանը:
«ԷԿՈՏՈՄԱՏՈ»-ի կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում հիմնել է 8.3 հա ընդհանուր մակերեսով բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություն, որում հիդրոպոնիկ եղանակով աճեցվելու են բարձրորակ հոլանդական վարդեր:
Ընկերությունը հիմնադրվել է 2011թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել3․8 մլրդ դրամի ներդրում՝ ջերմոցի և հումքի ձեռքբերման, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներկայումս առկա է 134 աշխատատեղ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 200-ի՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․69 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 84․8 մլն դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՄԱՔՍ ՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում է օգտագործել դռների և պատուհանների, բազրիքների, լոգախցիկների, արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների, ավտոմատ բացվող համակարգերի, ապակե և այլ կոնստրուկցիաների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․1 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 18 աշխատատեղ 440 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 30-ի՝ 510 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․1 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 345 մլն դրամ: