ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վարդան Կոստանյանը ազատվել է Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝
Վարդան Կոստանյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրել էր Էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի գնումները, նկատել, որ հունվարի 26-ին նախարարությունը Վարդան Կոստանյանին փոխանցել էր 40 մլն 54 հազար դրամ, իսկ գնման առարկայի անվանումը Կոստանյանի պաշտոնն է՝ առեւտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Նշված գումարից 15 մլն դրամը Կոստանյանի վարձատրությունն է, 6 մլն դրամը բնակարանի վարձակալության եւ յուրաքանչյուր երեխայի համար տրվող հավելավճարն է։ 18 մլն 572 հազար դրամը նախատեսվել է պահպանման այլ ծախսերի համար, որը ներառում է տրանսպորտի ապահովագրություն եւ պահպանում, գույքի եւ տեխնիկայի ապահովագրություն, գործուղման ծախսեր եւ այլն։