Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։
Ներկայացվել են 2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, ինչպես նաև արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշման նախագծով սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թվականի ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս:
2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:
Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ Սևանա լճում ձկան պաշարների նվազման բացասական ռիսկերի գնահատման և ձկնային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով նախագծով արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։
Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը: