ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՈՐԴԻՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԲԱՆԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն. տարբեր ուռուցքներ ունեցողները, գիշերամիզությամբ տառապողները, վատ տեսողություն ունեցող երիտասարդները, սակայն փոխնախարարի որդին այդպես էլ օրենքի որեւէ կետով ծառայությանը պիտանի չդարձավ։

Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների կապակցությամբ այս անգամ հիշեցնում ենք ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի որդու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:

ՀՀ առողջապահության նախարարությունից այն ժամանակ մեզ որեւէ հստակ մեկնաբանություն չէր տրվել։

Բացի այս սկանդալից, կա եւս մեկը. Լենա Նանուշյանը ամեն բան անում է, որ դիրքերն ամրացնի, եւ Ավանեսյանի շուրջ պրկված օղակի գործելուն պես, երբ նախարար Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը։

Ասել է թե` Անահիտ Ավանեսյանի տեղակալը գործում է իր դեմ եւ գաղտնի պլաններ է գծում առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ միասին։

«Ժողովուրդը» փորձեց Նանուշյանից մեկնաբանություններ ստանալ, բայց ապարդյուն:

 

 

 

 

 

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք թանկացող տրանսպորտը: Ինչ խոսք, լավ է հնչում, իսկ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը: Հիշեցնենք, որ Մարությանը առաջարկում է փետրվարի 1-ից մտնել ավտոբուս, տալ 100 դրամ եւ երթեւեկել, բայց իշխանությունը, կարծես թե, մտադիր է տուգանք կիրառել քաղաքացիների նկատմամբ, որը կլինի 50.000 ՀՀ դրամ: Ու դժվար թե Հայկ Մարությանը, Գագիկ Բեգլարյանի ու Հովիկ Աբրահամյանի հարեւանությամբ գտնվող իր տունը գրավադրի, որպեսզի մարդկանց օգնի վճարել այդ տուգանքները: Արդյունքում` քաղաքացին իր տուգանքի հետ միայնակ կմնա: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա թանկացումները 2013 թվականի «100 դրամանոց» բողոքի հետ համեմատելուն՝ ապա նշենք, որ այն ժամանակ մահաբեր գազելներն էին ու վատ ավտոբուսները, հիմա գոնե ունենք նոր տրանսպորտ՝ նոր ավտոբուսներով, քիչ թե շատ նորմալ վարորդներով: Այսինքն` սակագնի փոփոխությունը որակի հետ է առնչվում: Թեեւ պայքարը դեռ նոր դրսեւորումներ է ստանում, բայց պարզ չէ, թե ինչ ծավալների կհասնի. միայն թե վերջում տուժողը կլինի ժողովուրդը, ով կա՛մ պետք է հարմարվի նոր գների հետ, կա՛մ ենթարկվի մեծ տուգանքների:

 

 

 

 

 

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի ֆաբրիկայի գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել։ Ըստ «Օրագիր news»-ի՝ «Էթիկայի հանձնաժողովը տեղյակ չէ Տարոն Չախոյանի վիրավորական գրառումից» վերտառությամբ հրապարակման՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։ Ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ Տ. Չախոյանի վարքագիծը պարունակում է նշված կանոնի առերեւույթ խախտում, քանի որ սոցիալական մեդիայում վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակման կատարումը առերեւույթ կերպով կարող է հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկման կամ հեղինակության արատավորման։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը որոշել է նշված դեպքի առթիվ հարուցել վարույթ։ Հիշեցնենք, որ խոսքը նույն Տարոն Չախոյանի մասին է, որի առնչությամբ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ուժային կառույցների ղեկավարներին՝ հայտարարելով, որ նա ստախոս է եւ սուտ մատնության համար պետք է պատասխանատվություն կրի: Կարճ ասած՝ ֆեյք տարածող պաշտոնյա:

 

 

 

 

 

 

Հերթական աբսուրդ գնումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից. քյաբաբ ու իքիբիր: Առաջին հայացքից ոչ այդքան մեծ գումարի չափով գնումը հետաքրքրաշարժ է այնքանով, որ կառույցը, որը մեծ հաշվով կապ չունի սննդի հետ, ըստ փաստաթղթերի՝ գնել է քյաբաբ եւ արաբաթուրքական ձեւակերպմամբ՝ իքիբիր։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Ներքին գործերի նախարարությունը 554 հազար դրամի սնունդ է գնել: Նախարարությունը «Նարինե Ադամյան» ԱՁ-ի միջոցով ձեռք է բերել 180 հատ քյաբաբ եւ 200 հատ իքիբիր. 234 հազար դրամ՝ 180 հատ քյաբաբի համար, 320 հազար դրամ՝ 200 հատ իքիբիրի համար: Ստացվում է, որ մեկ քյաբաբի արժեքը կազմել է 1.300 դրամ, իսկ իքիբիրինը՝ 1.600 դրամ: Թե ինչ առիթով են գնումը կազմակերպել եւ ում համար են նման որակի հյուրասիրություն նախապատրաստել, պատրաստվել, հայտնի չէ. փաստաթղթերում ոչինչ չկա այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթը ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից փորձեց տեղեկանալ, թե ո՞ւմ եւ ինչի՞ համար է կազմակերպվել սա. վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Ամանորից հետո Տավուշի մարզում հրդեհ է բռնկվել, եւ սնունդը գնվել է տեղի ծառայողների համար։ Այստեղից հարց է ծագում, թե քանի՞ աշխատակից է եղել այնտեղ՝ հրդեհը մարելու համար, որ նման մեծ քանակի սննդով են ապահովել։ Իհարկե, լավ կլիներ՝ արաբաթուրքական բառից հրաժարվեին, իքիբիրը պետական հաստատություններում, հաստատվող փաստաթղթերում գոնե փոխարինվեր հայերեն նման կամ համարժեք բառով՝ մանր խորոված, խորոված՝ փոքր կտորներով եւ այլն…

 

 




Լրահոս