ՀԱՐՑ. Ունեմ մոտ 60 քմ տարածք, որտեղ առեւտրական գործունեություն եմ իրականացնում: Ցանկանում եմ այդ նույն տարածքում տարադրամի կետ դնել, կարո՞ղ եմ, թե՞ ոչ: Եթե կարող եմ, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, կխնդրեի մի փոքր մանրամասնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Փոխանակման կետերի լիցենզավորման պահանջները սահմանվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 10-ով: Համաձայն նշված կանոնակարգի 40-րդ կետի` նոր լիցենզավորվող փոխանակման կետերը եւ դրանց մասնաճյուղերը կարող են գտնվել միայն թվարկված վայրերից որեւիցե մեկում.
• առնվազն 200 քառակուսի մետր մակերեսով առեւտրի (սպասարկման) սրահ ունեցող եւ առնվազն 500 քառակուսի մետր ընդհանուր տարածքով խանութներում, ընդ որում, խանութ է համարվում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված առեւտրի օբյեկտի տեսակը,
• առնվազն 2000 քառակուսի մետր տարածքով փակ (ոչ բացօթյա) առեւտրի կենտրոններում, ընդ որում, առեւտրի կենտրոն է համարվում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված առեւտրի իրականացման վայրի տեսակը,
• առնվազն 1000 քառակուսի մետր տարածքով հյուրանոցներում,
• օդանավակայանների տարածքներում,
• երկաթուղային կայարանների տարածքներում:
Հետեւաբար, եթե քաղաքացին ունի 60 քառակուսի մետր մակերեսով տարածք, ապա տվյալ վայրում նոր ստեղծվող փոխանակման կետի լիցենզավորում եւ փոխանակման կետի գործունեության իրականացում չի թույլատրվում:
կապերի ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԿԲ սահմանած պայմաններն այնպես են փոխվել, որ նման բիզնեսով զբաղվելու մասին մտածելն անգամ ավելորդ է: