
ՀՀ ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված Թագուհի Թովմասյանը գրում է.
«Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին եւ մի շարք միջազգային կազմակերպությունների:
Նրանց ուշադրությունն եմ հրավիրել սույն թվականի հոկտեմբերի 17-ին Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը եւ ողջ այդ իրավական գործընթացի վրա:
Բաքվում դատապարտվում, նվաստացվում եւ խոշտանգվում են էթնիկ հայերը՝ մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի օրերին մինչեւ վերջին պահը մնացել էին Արցախում:
Դատավարությունն ընթացել է Բաքվի զինվորական դատարանում եւ 15 հայերի՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լեւոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լեւոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, նրանց մեղադրանք է առաջադրվել 2,548 դրվագով։ Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ ավելին:
Իմ միջազգային գործընկերներին ներկայացրել եմ իրավիճակը եւ ահազանգել.
- Դատավարությանն ընդառաջ քաղբանտարկյալ, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ իր փաստաբանին եւ թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Իրեն հնարավորություն չեն տվել ծանոթանալու գործին իրեն հասկանալի լեզվով, խոշտանգել են, արգելել ջուր խմել, զուգարանի թղթից օգտվել եւ այլ անմարդկային գործողություններ: Եվ նա առաջին մարդը չէ, որ Ադրբեջանում բանտային պայմաններից դժգոհում է:
- Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը փաստաբանական պաշտպանությանը եւ հարցաքննությունների կեղծ արձանագրություններին վերաբերող խնդիրների մասին լուրջ խախտում է, որը հակասում է արդար դատավարության իրավունքի հիմնարար սկզբունքներին:
- Ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանը, խախտելով Ժնեւի կոնվենցիան, պատերազմից հետո հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին: Արցախի նախկին ղեկավարության եւ այլ անձանց մեղադրանքները կրում են ակնհայտ քաղաքական բնույթ: «Ահաբեկչություն» եւ «ապօրինի զինված խմբավորում կազմավորել» մեղադրանքները ծառայում են միայն քաղաքական շահերին՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
! Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին.
- իրենց մանդստի շրջանակներում ջանքեր գործադրել՝ հասնելու այն բանին, որ միջազգային անկախ դիտորդներ ներգրավվեն այդ դատավարություններում,
- դրանք ընթանան դռնբաց եւ լուսաբանվեն,
- կոչ անել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումները
- կատարելով միջզգային պարտավորությունները՝ պահանջել անհապաղ վերադարձնել նրանց հայրենիք»։
ԲԱՔՈՒՆ ՊԻՏԻ ԱՊԱՀՈՎԻ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը, արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պաշտպանի եւ ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։
Այս մասին նշված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առջեւ են կանգնեցրել՝ պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց, նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում։ Իշխանությունները պետք է պաշտպանեն եւ ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»,-նշել է Մարի Ստրութերսը։
Նա հավելել է, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումների մասին, այդ թվում՝ կալանքի ժամանակ վատ վերաբերմունքը, կեղծված գործի նյութերը ստորագրելու հարկադրանքը եւ պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից զրկելը։
«Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ եւ արդյունավետ կերպով հետաքննեն այս ծանր մեղադրանքները եւ պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր համարվում են այս ամենի պատասխանատուներ»,-նշված է տարածված հայտարարության մեջ:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրեն լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ շփման, ինչպես նաեւ բավականաչափ ժամանակ ու հնարավորություն՝ պաշտպանությունը նախապատրաստելու համար:
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետեւի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»,-նշել է Amnesty International կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը։
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել եւ շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լեւոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։
Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս շինծու մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Վարդանյանի նկատմամբ դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։