
Գրականության եւ արվեստի թանգարանում «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում ներկայացվել է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր, հավաքորդ Մարկոս Գրիգորյանին պատկանող կարպետը, որը վերջինիս նվիրել է անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:
1988-ի աշնանը բացառիկ հրավերով Սերգեյ Փարաջանովը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու 26-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմով:
Փառատոնի ընթացքում Փարաջանովը ծանոթանում եւ բարեկամանում է Մարկոս Գրիգորյանի հետ: Նյու Յորքից վերադառնալուց հետո՝ Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին, ի նշան բարեկամության, մեղվակարպետ է նվեր ուղարկում՝ հայտնելով, որ այդ գործողությունը իշխանություններից գաղտնի է: Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորյանը կարպետը ուսերին գցած լուսանկարվում է եւ լուսանկարն ուղարկում Փարաջանովին՝ ակնարկելով, որ «գաղտնի» բեռը տեղ է հասել:
«Տարին հագեցած է լինելու Մարկոս Գրիգորյանի հոբելյանին նվիրված միջոցառումներով։ Այս ցուցադրությունը գործելու է մեկ ամիս։ Այս մեկ կարպետը երկու հսկաների, երկու հայորդիների ամուր ընկերության վկայությունն է։ Նյու Յորքում Մարկոս Գրիգորյանը Փարաջանովին նվիրել էր շատ թանկ կինոտեխնիկա, եւ Թիֆլիս վերադառնալուն պես՝ Փարաջանովը նրան պատասխան նվեր է ուղարկում։ Այս ցուցադրությամբ բացահայտում ենք նաեւ Մարկոսի բազմաժանր գործունեության եւս մեկ ոլորտ. նա նշանավոր է եղել հատկապես Իրանում՝ կինոյի ասպարեզում»,- իր խոսքում նշեց Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը՝ տեղեկացնելով, որ թե՛ կարպետը եւ թե՛ լուսանկարը պահպանվում են ԳԱԹ-ում։
Ցուցադրությանը ներկայացվել են նաեւ Մարկոս Գրիգորյանի մասնակցությամբ ֆիլմերից կադրեր։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին:
Ա. Ս.