ՄԵՐ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾԻՆ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։

Հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր բարձրացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ արդյոք նա վախենում է «բանդիտներից»։ Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ասել էր. ««Ես չեմ կարող թույլ տալ, որ որեւէ մեկն ինձ ասի՝ թույլ, ուրեմն թույլ են ուժային կառույցները…» այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային մի շարք կառույցների ղեկավարների,  այդ թվում եւ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ՍՄՍ գրեց, որ հեռանան պաշտոնից: Նշանակվեցիք դուք, որպեսզի, բնականաբար, ուժեղացնեք կառույցը: Բայց դուք մի քանի շոուներով եք աչքի ընկել. ինչ-որ մարդկանց «շարասյուներ» կանգնեցնել, պառկեցնել ասֆալտին, թափ տալ շորերն ու տուն ուղարկել: Իմ հարցը կոնկրետ է, տիկի՛ն նախարար. նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին ակնհայտորեն գազագողությամբ է զբաղվում, հարկային ծառայությունն անկարող է վերահսկել, տեսուչները չեն կարողանում մոտենալ՝ գազի հաշվիչների տվյալները վերցնելու: Կարճ ասած՝ բանդա է գործում պետության ներսում: ՈՒ սա «Ժողովուրդ» օրաթերթը չի ասում. լրատվամիջոցները ամիսներ շարունակ աղաղակում են: Տեղյակ չե՞ք: Օրերս նույն նահապետ Գեւորգյանի որդուն ցուցադրաբար ձերբակալեցիք ու շատ արագ բաց թողեցիք: Վախենո՞ւմ եք՝ մամուլի ասած «բանդիտների» դեմ պայքարեք. ինչ ուզում՝ անում են, թե՞ պետությանը ձեռնտու են գազագողության այդ մասշտաբները»:

Եվ ահա մեր այս բարձրաձայնումից հետո ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ։ ՆԳՆ-ից մեզ հայտնեցին. «ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունով՝ խուլիգանության փաստով կազմվել են փաստաթղթեր եւ ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժին»։

 

 

 

 

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կքննարկվի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկմանը մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, նախաձեռնող խմբի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ նախաձեռնության հետագա ընթացքի համար՝ դրական եզրակացություն տալով դրան: Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին, այնինչ հիմա, փաստորեն, լրիվ այլ տրամադրություններ են: Իսկ ինչո՞վ է պայմանավորված ՔՊ-ականների այս կտրուկ «կերպարանափոխությունը»: Իշխանամերձ աղբյուրների դիտարկմամբ՝ նախ իշխանությունները ընտրություններից առաջ չեն ուզում նոր հակառակորդներ ձեռք բերել՝ ի դեմս արտախորհրդարանական ուժերի, որոնք նախաձեռնել են այս գործընթացը: Բանն այն է, որ Փաշինյանն արդեն հաշվարկել է, որ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում իր սատելիտ արտախորհրդարանական ուժերը կարող են իրեն պետք գալ ու չի ցանկանում նրանց հետ թշնամություն անել՝ մերժելով նախաձեռնությունը: Սրանից բացի, իշխանության մյուս հաշվարկն այն է, որ հատկապես պատերազմից հետո  մեր հանրության մեծ մասի հայացքներն ուղղված են դեպի Եվրոպա ու ընտրությունների այս գործընթացը սկսելը կամրապնդի իրենց դիրքերը:

 

 

 

 

Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ նշանակում, իսկ այն չի կայանում։ Հակակոռուպցիոն դատարանում երեկ չկայացավ Վաչագան Ղազարյանի գործով նիստը, քանի որ դատավոր Տիգրան Դավթյանը վերապատրաստման է։ Հակակոռուպցիոն դատարանում չկայացավ նաեւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նիստը։ Ու մինչ ՀՀ դատական համակարգը տարբեր պատճառաբանություններով նիստեր է հետաձգում, նախկին պաշտոնյաները իրենց ոտնահարված  իրավունքների հարցը բարձրացնում են այլ ատյաններում։ Երեկ հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանը իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

 

 

 

 

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված վարույթների ընթացքում 25 անձ տուգանվել է 200 հազար ՀՀ դրամի չափով։ 2024 թվականին ուղարկվել է 231 ծանուցում, 226-ը՝ պաշտոնատար անձանց, իսկ 5-ը՝ նրանց ընտանիքի անդամներին։ 2024 թվականին եւ նախորդ տարի ուղարկված ծանուցումների եւ նախաձեռնված վարույթների արդյունքում ներկայացվել է 322 հայտարարագիր՝ 264-ը պաշտոնատար անձանց կողմից, իսկ 58-ը՝  նրանց ընտանիքի անդամների։ Հաշվետու ժամանակահատվածում հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու առնչությամբ հարուցված վարույթներից եզրափակվել է 323-ը։ Դրանցից 25-ը եզրափակվել է «200 հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ կիրառելու մասին» որոշումների ընդունմամբ։ 298 գործերով համապատասխան հայտարարատու անձանց հայտարարվել է բանավոր դիտողություն՝ կարճելով գործերի վարույթը արարքի նվազ նշանակության հիմքով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից գործի քննության ընթացքում ներկայացվել են այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ հարուցվել էին վարույթներ։

 




Լրահոս