ՆՐԱ «ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ…» ՀԵՏԵՎՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրբ Ջորջ», «մի սերնդի խիղճ», «մարգարե»… Ջորջ Օրուելի ժառանգության 20 հատորներն այսօր ամբողջ աշխարհում ուսումնասիրվում են դպրոցներում ու համալսարաններում։ Նրա գրքերը թարգմանվել են 65 լեզուներով, դրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր ու պիեսներ, իսկ «1984» վեպի ընդհանուր տպաքանակը միայն Անգլիայում գերազանցել է 40 միլիոնը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Էրիկ Արթուր Բլեյրի կամ նույն ինքը՝ Ջորջ Օրուելի հետաքրքիր մտքերը։

  1. Մարդու ամենավատ թշնամին նրա նյարդային համակարգն է: Ցանկացած պահի ներքին լարվածությունը կարող է արտացոլվել արտաքինում:
  2. Ինչ-որ կերպ հնարավոր է կառուցել գաղտնի աշխարհ, որտեղ կարող ես ապրել ուզածիդ պես: Դրա համար միայն հաջողություն է պետք, մեկ էլ ճարպկություն ու խիզախություն պիտի ունենաս:
  3. Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում:
  4. Մահը երբեք չի գալիս, երբ նրան սպասում ես:
  5. Կա միայն չորս միջոց, որով իշխող խումբը կարող է գահընկեց արվել: Կամ նվաճվում է դրսից, կամ անարդյունավետ է ղեկավարում, եւ զանգվածները ցանկանում են ապստամբել, կամ դա թույլ է տալիս ձեւավորել ուժեղ ու դժգոհ միջին դաս, կամ կորցնում է ինքնավստահությունն ու կառավարելու պատրաստակամությունը: Այս պատճառները չեն ազդում առանձին-առանձին, եւ որպես կանոն՝ չորսն էլ ինչ-որ չափով ներկա են: Իշխող դասը, որը կարող է պաշտպանվել բոլորից, մշտապես մնում է իշխանության գլխին: Վերջին հաշվով որոշիչ գործոնը բուն իշխող դասակարգի հոգեբանական վիճակն է:
  6. Եթե ուզում ես գաղտնիք պահել, այն պետք է թաքցնես քեզնից: Պետք է իմանաս, որ կա, բայց քանի դեռ անհրաժեշտ չէ, թույլ տաս, որ գիտակցությանդ մեջ մուտք գործի այն տեսքով, որին կարելի է անուն տալ:
  7. Ինքնին ցավը երբեմն բավարար չէ: Լինում են դեպքեր, երբ մարդն ընդդիմանում է ցավին մինչեւ մահվան պահը: Բայց բոլորի համար էլ կա ինչ-որ անդիմադրելի բան, մի բան, որ հնարավոր չէ նախատեսել: Խիզախությունն ու երկչոտությունը կապ չունեն: Երբ ընկնում ես բարձունքից, պարանից կառչելը վախկոտություն չէ: Երբ ընկնում ես խոր ջրերի մեջ, թոքերդ օդով լցնելը վախկոտություն չէ: Դա ընդամենը բնազդ է, որ անհնար է ոչնչացնել:
  8. Ազատությունը երկուսին գումարած երկու՝ հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից:
  9. Իշխանությունը Կուսակցությանը պետք է ոչ թե իր, այլ մեծամասնության բարեկեցության համար: Իշխանություն պետք է, որովհետեւ մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն եւ կանոնավոր ստեն նրանք, ովքեր իրենցից ուժեղ են:
  10. Ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար եւ Արարչից օժտված են անօտարելի իրավունքով, որոնցից է կյանքի, ազատության ու երջանկության ձգտման իրավունքը: Այդ իրավունքները պահպանելու համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք իշխանություն են ձեռք բերում կառավարվողների համաձայնությամբ: Երբ կառավարման ձեւը չի ծառայում այդ նպատակին, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ վերացնել այն եւ հաստատել նոր Կառավարություն:
  11. Մինչեւ չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչեւ չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ:
  12. Տհաճ մարդուն ժայռից հրելը ոչ մի խնդիր չի լուծում:
  13. Մի անիծյալ պատերազմը միշտ հաջորդում է մյուսին:
  14. Հնարավոր է պատկերացնել մի հասարակություն, որտեղ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ, անձնական սեփականության ու ճոխությունների առումով, հավասարապես կբաշխվի, մինչդեռ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ կմնա փոքրաթիվ արտոնյալների ձեռքին:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

2700 ՖՐԱՆՍԵՐԵՆ ԳԻՐՔ՝ ՀՀ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:

 

Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի «Մարդասիրական մարտահրավերներ» ասոցիացիայի նախագահ Ալեն Բուենեն, Ֆրանսիական հրատարակիչների ասոցիացիայի (SNE) նախագահ Վենսան Մոնտանը, SNE-ի տնօրեն Ռենո Լեֆեւրը, ֆոտոլրագրող Անտուան Ագուջյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը:

Սիլվեն Տեսսոնի եւ Վենսան Մոնտանի հովանավորությամբ 2700 կտոր ժամանակակից ֆրանսալեզու գիրք կտրամադրվի ՀՀ գրադարաններին (76 հաստատություն):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել նախաձեռնության համար:

«Կրթության եւ մշակույթի ոլորտներում մենք այսօր ակտիվ բարեփոխումների փուլում ենք եւ այս համատեքստում շատ ենք կարեւորում միջազգային փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը՝ ի նպաստ մեր պետության զարգացման: Կարեւորում ենք նաեւ Հայաստանում տարբեր ծրագրերով ֆրանկոֆոնիան զարգացնելու հնարավորությունները, եւ ձեր նախաձեռնությունը գալիս է լրացնելու այս քաղաքականությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակույթի, գրականության շրջանակում համագործակցության հեռանկարները, կարեւորել փորձի փոխանակումը, ստեղծարար ներուժի բացահայտումն ու զարգացումը:

Ֆրանսիացի գործընկերները ներկայացրել են նաեւ Փարիզի գրքի միջազգային փառատոնը՝ կարեւորելով Հայաստանի մասնակցության հնարավորությունը համագործակցության զարգացման տեսանկյունից:

Դանիել Դանիելյանն իր հերթին ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության Գրքի երեւանյան միջազգային փառատոնը, ձեռքբերումները, ինչպես նաեւ ծրագրի զարգացման հեռանկարները: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարեւորել է Ֆրանսիայի փորձառությունը մշակույթի կառավարման ոլորտում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի իրականացվող տարբեր միջոցառումների եւ ծրագրերի արդյունավետության բարելավմանը:

Այցի շրջանակում հյուրերը հանդիպել են նաեւ հայ հրատարակիչների եւ ֆրանսերեն սովորողների հետ:

 ՀՀ ԿԳՄՍՆ

 

 

 




Լրահոս