ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ-Ն ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման նոր մեխանիզմի շրջանակում կսուբսիդավորվեն առաջին երկու նախագծերը: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը՝ մանրամասնելով, որ ԵՏՀ խորհուրդը հունվարի 22-ին կայացած նիստում հաստատել է երկու եռակողմ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորման առաջին հայտերը։

 

«Խոսքը «Մուրոմյան սլաքային գործարան»-ի՝ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ արագընթաց երկաթուղային մայրուղու շինարարության համար արտադրանքի թողարկման եւ «Kazrost Engineering Ltd» ընկերության՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի խցիկների արտադրության ընդլայնման եւ հավաքման տեղայնացման նախագծերին է վերաբերում: Մեխանիզմի հիմնական նպատակն է ստեղծել համատեղ կոոպերացիոն արժեքային շղթաներ, որոնք ուղղված են նոր արտադրական հզորությունների ստեղծմանը կամ առկա հզորությունների արդիականացմանը՝ Միության երկրների ներուժի օգտագործմամբ։ Մեխանիզմը նախատեսում է սուբսիդավորել Միության բյուջեից ֆինանսական կազմակերպության կողմից արդյունաբերական նախագծի իրականացման համար ձեռնարկությանը տրամադրված վարկի կամ փոխառության տոկոսադրույքը՝ անդամ պետության կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի 100%-ի չափով»,- նշել է Բարսեղյանը։

Համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման այս նոր փորձնական նախագիծը նախատեսված է 5 տարվա համար եւ իրականացվում է վերամշակող արդյունաբերության բոլոր ճյուղերում՝ բացառությամբ սննդի վերամշակման։ Մեկ նախագծի համար սուբսիդավորման առավելագույն չափը չպետք է գերազանցի 350 միլիոն ռուբլին մեկ տարում, իսկ բանկերի վարկային տոկոսադրույքների առավելագույն սահմանը չի կարող գերազանցել անդամ պետության հիմնական տոկոսադրույքը՝ գումարած 6,5%։

Ըստ նրա՝ հաստատվել է նաեւ 64 բանկերի եւ 9 զարգացման ինստիտուտների ցանկ, որոնք իրավունք ունեն մասնակցելու այս մեխանիզմին (Հայաստանի դեպքում՝ 17 բանկ)։

«Կոչ եմ անում հայկական բիզնեսին ավելի ակտիվորեն ներգրավվել նախագծերի մշակման գործընթացում։ Հանձնաժողովի կողմից հաստատում եմ մեր պատրաստակամությունը աջակցելու բիզնեսի ցանկացած նախաձեռնությանը իրական հատվածում։ Մենք պատրաստ ենք աջակցել հայկական ձեռնարկություններին՝ լրացուցիչ խորհրդատվություններ տրամադրելու, մեխանիզմի մանրամասները պարզաբանելու, ԵԱՏՄ-ի շրջանակում կապեր հաստատելու եւ գործընկերներ գտնելու գործում։ Հուսով եմ, որ Հայաստանի բիզնեսը շուտով կդառնա եվրասիական կոոպերացիոն շղթաների մաս»,- ասել է ԵՏՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։

 

 

ԳՇ ՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՔՐԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով փաստաբանական թիմի անդամ Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Այս փուլում միանշանակ հաստատվեց պաշտպանական թիմի այն պնդումը, որ Տիրան Խաչատրյանը ապօրինի է կալանավորվել դատարանի կողմից։ Այսպես, Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի եւ դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործը ուղարկվեց դատարան։

Չնայած նրան, որ քրեական վարույթի քննությունը ընթացել է 4 տարի, Տիրան Խաչատրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ, 4 տարուց ավելի տեւող քննությանը Տիրան Խաչատրյանը որեւէ կերպ չի խոչընդոտել, մոտ են սույն գործի վաղեմության ժամկետների անցնելը եւ այն, որ այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում` դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։

Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին, ապա այժմ, երբ նախաքննությունն ավարտված է եւ գործի բոլոր նյութերը պաշտպանական կողմի տրամադրության տակ են, կարող ենք վստահ պնդել, որ ոչ միայն չի հիմնավորվել Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հակառակը՝ հենց վարույթի նյութերում առկա ապացույցներով էլ հերքվում է այն։

Պաշտպանական կողմը պնդելու է, որ սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին։

Հիշեցնենք, որ բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը սույն թվականի հունվարի 4-ից ապօրինաբար զրկված է ազատությունից, եւ նրա նկատմամբ կալանքը կիրառվել է որպես իր քաղաքական եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու եւ նրան պատժելու գործիք։

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպաններ`

Արմեն Անդրիկյան,

Վարազդատ Հարությունյան»:

 

 

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ

Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն, հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը, ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ, նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաեւ 3 տարի ժամկետով արգելվել է որեւէ պաշտոն զբաղեցնել։ Փաստացի, ստացվում է, որ Մամիկոն Ասլանյանը 1 տարի 9 ամիս շարունակելու է մնալ իրավապահների տեսադաշտում։

Ըստ մեղադրանքի՝ Վանաձորի նախկին քաղաքապետը պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հողեր է օտարել, ինչը դիտարկվել է որպես ապօրինի գործարք։

Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերին։ 2024 թվականի հուլիսին դատարանը նրան 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Մամիկոն Ասլանյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

 




Լրահոս